«Ջրի երես չենք տեսնում, ստիպված ենք այս քայլին գնացել, որ մեր կես տարվա բողոքը վերևներին հասնի», - ասում է Քարաբերդի նախկին գյուղապետ Յուրիկ Մուրադյանը։ - «Ես միշտ ճանապարհ փակելուն դեմ եմ էղել, էս ջահելներին միշտ դեմերն առել եմ։ Բայց բանից կպարզվի, որ մեր կառավարությունը, մեր ղեկավարությունը դառել է գործիք հարցը լուծելու՝ ճամփա փակի, որ քո հարցը լուծվի։ Մեզի ծայրահեղություն ա էկել հասել։ Ամեն անգամ խոստումներ, խոստումներ... ոչ մի արդյունք չկա»։
Ճանապարհը բացելու համար գյուղացիների հետ բանակցող Անիի ոստիկանապետ Խաչատուր Պետրոսյանը փոխանցեց այն, ինչ իրեն էին ասել. - «Բառացի փոխանցված ա մարզպետի կողմից, մարզպետարանի կողմից, որ վաղը Քարաբերդ գյուղի ջրի հարցը պըտի լուծվի»։
Քարաբերդի խմելու ջրի հարցը «Վեոլիա ջուր» ընկերությունն է լուծում, բայց՝ հարևան Արագածոտի մարզի Թալինի տեղամասը:
Դեռ ամռանը, երբ առաջին անգամ «Ազատությունը» անդրադարձել էր այս խնդրին, Թալինի տեղամասի պետ Նարեկ Ավետիսյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ սակավաջրությունն է Քարաբերդի ջրի խնդրի պատճառը։
Շոգ ամառն անցավ, բայց խնդիրը այդպես էլ չլուծվեց։ Այժմ Ավետիսյանը մեր հեռախոսազանգերն անպատասխան է թողնում:
Քարաբերդցիները թերահավատ են, որ վաղը ջրի հարցը կլուծվի: Ասում են՝ փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ, որ ճանապարհը բացենք։
«Միլպե՞տն է կարգավորող ջրի հարցը։ Ջրի հարցը կարգավորողը «Վեոլիան» է, որ իրանց ներկայացուցիչին չեն կըրնա հանձնարարի, որ գա բնակչությանը էրկու բառով ասի։ Միլպետն ասում է՝ ես խոստանում եմ։ Քսան օր առաջ էղել ենք միլպետի մոտ՝ ոչ մի լուծում։ Մարզպետնի մոտն էղել ենք՝ ոչ մի լուծում... Եթե էսօրվա օրը բացեն ջուրը, Նոր տարվա օրը մենք ջուր կունենանք, որովհետև էս ինը կիլոմետր հատվածը ութը ժամ է տևում, որ ջուրը հասնում է Քարաբերդի ամբարը։ Մի օր ու կես էլ պըտի ամբարը լցվի»։
Մոտ 1200 բնակիչ ունեցող Քարաբերդի վարչական ղեկավար Կոլյա Ասատրյանը տեղյակ չէր, թե այդ ինչպես է մեկ օրում լուծվելու ամիսներ շարունակ չլուծվող հարցը: Եվ եթե հնարավոր էր մեկ օրում լուծել, ինչու իրենց բողոքը կես տարի է տեղ չի հասնում. - «ՏԵղյակ չեմ, որովհետև հնարավոր չէ, որ վաղը էդ հարցին կարանան լուծում տան։ Ամիսներ շարունակ էս հարցի շուրջ կխոսանք ու ոչ մի լուծում չենք ստացել»։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ խնդրին վաղը կփորձեն ժամանակավոր լուծում տալ: Հետագայում էլ կփորձեն վերջնական լուծում գտնել՝ վթարված 11 կիլոմետրանոց ջրագիծը սուբվենցիոն ծրագրերով վերանորոգելու շնորհիվ. - «Այսօր խոսակցություն ենք ունեցել, և կա նախնական բանավոր պայմանավորվածություն, որ վաղը ջանքեր են գործադրվելու և, անգամ որոշակիորեն նվազեցնելով հարևան մի քանի համայնքի ջրամատակարարումը, կփորձենք Քարաբերդին ջուր մատակարարել։ Խնդրին փաստացիորեն պետք է հիմնական լուծում տալ և հասկանալ, որ այդտեղ, ըստ պատասխանատուների ներկայացրած տվյալների, մոտ տասնմեկ կիլոմետր վնասված հատված կա ջրագծի, և սա է պատճառը»։
Քարաբերդցիներն այսօր ճանապարհը բացեցին, բայց զգուշացրեցին, որ եթե իրենց կրկին խաբեն ու ծորակներից ջուր չհոսի, վաղը կրկին կփակեն ճանապարհը։
Այս ամիսների ընթացքում քարաբերդցիները ջուրը մոտակա Մարալիկի աղբյուրից են կրում։