Մատչելիության հղումներ

«Մի հինգ տարի էսպես գնա, գյուղում մարդ չի մնա». Քարաբերդցիները պահանջում են լուծել գյուղի ջրի հարցը


Շիրակի մարզի Քարաբերդ համայնքի շուրջ 1100 բնակիչ արդեն 4 ամիս է զրկված է խմելու ջրից: Երեք տարի առաջ գյուղում խմելու ջրի նոր ցանց է անցկացվել, որն այդպես էլ չի գործարկվել։ Այդուհանդերձ, ըստ գյուղացիների, նոր ցանցի անցկացումից հետո գյուղում խմելու ջրի մատակարարումը վատացել է:

«Շատ լավ ջուր է եղել մեր ջուրը, անցած տարվանից էս վիճակն է, էս տարի՝ ավելի վատ», - ասաց Քարաբերդ համայնքի բնակիչներից մեկը։

Ըստ գյուղացիների՝ մինչ նոր ջրագծեր անցկացնելը գյուղն օրական 2 ժամ ջուր է ունեցել, իսկ նոր ցանցի կառուցումից հետո՝ 2 օրը մեկ: Իսկ վերջին 4 ամիսներին շաբաթը մեկ անգամ է ջուր հասնում Քարաբերդ, այն էլ, ըստ գյուղացիների՝ ամենաշատը կես ժամով. ով հասցրեց ջուր է ամբարում, ով չէ՝ մնում է հարևան համայնքներից ջուր բերելու հույսին:

Շատ հաճախ քարաբերդցիները նույնիսկ լվացքն են հարևան համայնքում ապրող բարեկամների տներում անում: Լողանալն էլ մեծ խնդիր է դարձել գյուղում: Ամիսը մեկ անգամ կա՛մ հասցնում են, կա՛մ էլի հարևան բարեկամի տան հույսին մնում: Ընտանիքներից շատերում ասում են՝ կռիվ է ընկել:

Շիրակի մարզում գտնվող համայնքի ջրի հարցը պարզվում է հարևան Արագածոտնի մարզի ջրամատակարարն է լուծելու: «Վեոլիա ջուր» ընկերության Թալինի տեղամասի պետ Նարեկ Ավետիսյանի խոսքով՝ սակավաջրությունն է Քարաբերդի ջրի խնդրի պատճառը:

«Մեծածախ համայնքների հետ պայմանագրով պարտավորվածություն չունենք, թե ինչ քանակությամբ ջուր և ինչ գրաֆիկով պետք է տանք։ Ինչ հնարավորություն ունենք, այդքանն ենք տալիս», - նշեց Ավետիսյանը։

Քարաբերդցիներն ասում են՝ հաշվիչ տեղադրեք ու թող ամեն տուն իր սպառած ջրի դիմաց մուծում անի. «Իրանք պետք է կազմակերպեն, վարձը հավաքեն կամ հաշվիչ դնեն, ով ինչքան օգտագործեց, էդքան տա»։

Խմելու ջրի պատճառով հատկապես երիտասարդ ընտանիքները տան դռները փակել ու արտագաղթել են: Ջրի խնդիրը հատկապես ձմռանը դժվար կլինի լուծել: Այստեղ էլ, ասում են, ձյունը կօգնի. «Հետո թորում ենք ջուրը, ֆիլտրում ենք, որ խմել լինի։ Շատ դժվար է ապրելակերպն այս գյուղում, եթե էսպես գնա մի 5 տարի, գյուղում մարդ չի մնա»։

Քարաբերդում ցանքատարածություններն անջրդի են: Հողից եկամուտը քիչ է հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: Ջրի բացակայությունը շատերին նաև ստիպել է կրճատել անասունների գլխաքանակը:

Քարաբերդցիները անասունների համար ամբարած ջուրն են ցույց տալիս ու ասում՝ շատ ժամանակ անասունն էլ չի խմում:

«Տղաս «Միքսեր»-ով ջուր է բերում, լցնում ենք էս բոշկեն, բայց մի քանի օր անցնում է, անասունն արդեն հոտ է առնում, չի խմում», - ասաց Քարաբերդի բնակիչներից մեկը։

Քարաբերդցիները իրավասուներից պահանջում են լուծել գյուղի ջրի հարցը, այլապես սպառնում են ճանապարհ փակել ու բողոքի ակցիաներ կազմակերպել:

XS
SM
MD
LG