Բելառուսի ներքին գործերի նախարարությունը «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության ինտերնետային հարթակները ներառել է «ծայրահեղական խմբավորումների» ցանկում։
Ավելի վաղ Մինսկի շրջանային դատարանը լրատվամիջոցի Տելեգրամի, Յութուբի լրատվությունը ճանաչել է որպես «ծայրահեղական նյութեր»։ Այսօր հայտնի է դարձել նաև, որ «Ազատության» բելառուսական ծառայության թղթակիցներից մեկի՝ Անդրեյ Կուզնեչիկի դեմ քրեական գործ է հարուցվել: Թե ինչ մեղադրանքով, առայժմ չի հաղորդվում։
Կուզնեչիկը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 25-ից։ Օրեր անց պարզվել է, որ նա ձերբակալված է, ուժայինները նրա բնակարանում իրականացրած խուզարկությունների արդյունքում առգրավել են լրագրողի հեռախոսը, համակարգիչը։
Այս տարվա հուլիսին բելառուսական ուժայինները Մինսկում տակնուվրա էին արել «Ազատության» բելառուսական ծառայության գրասենյակը՝ ձերբակալելով մի խումբ լրագրողների, որոնք հետագայում ազատ են արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։
«Մենք մտադիր ենք շարունակել օբյեկտիվ լրատվություն տրամադրել բելառուս ժողովրդին, որն ավելի քան երբևէ անկախ լրատվամիջոցների կարիք ունի։ Լուկաշենկոյի ռեժիմը շարունակում է հասկացնել տալ, որ ճշմարտությունն անտեսելն ու անկախ տեղեկատվության հասանելիությունը սահմանափակելու ջանքերը սահմաններ չեն ճանաչում»,- արձագանքելով լրատվամիջոցի դեմ ճնշումներին` հայտարարել էր «Ազատ Եվրո/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը։