Մատչելիության հղումներ

Թուրքական կառավարությունը քայլեր է ձեռնարկում ազգային տարադրամի արժեզրկումը կանխելու նպատակով


Աննախադեպ արժեվորում՝ ռեկորդային արժեզրկումից հետո։ Այսպես կարելի է բնութագրել այն, ինչ տեղի ունեցավ թուրքական ազգային տարադրամի՝ լիրայի հետ վերջին 24 ժամերի ընթացքում։

Երկուշաբթի օրը թուրքական տարադրամի փոխարժեքը այն աստիճանի կտրուկ անկում արձանագրեց, որ օրվա երկրորդ կեսին Ստամբուլի ֆոնդային բորսան ստիպված եղավ մի քանի ժամով դադարեցնել սակարկությունները։ Դա տեղի ունեցավ այն պահին երբ մեկ ամերիկյան դոլարի համար արդեն 18 լիրա էին վճարում։ Լիրայի հերթական գահավիճումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նախ երկրի Կենտրոնական բանկը նախորդ շաբաթավերջին նվազեցրեց կարճաժամկետ փոխառությունների տոկոսադրույքները, իսկ կիրակի օրը երկրի նախագահը հայտարարեց, թե չնայած միջազգային շուկայում նկատվող միտումներին, բանկային տոկոսադրույքների բարձրացում չի լինի։ Ուշագրավ է սակայն, որ հենց Էրդողանն էր, որ երկուշաբթի երեկոյան իր մեկ ելույթով կարողացավ գոնե առժամանակ կայունացնել իրադրությունը ֆինանսական շուկայում։

«Այսուհետ մեր քաղաքացիներից և ոչ մեկը ստիպված չի լինի փոխարժեքի տատանումների վախից խնայողությունները թուրքական լիրայից փոխել օտարեկրյա արտարժույթի», - երեկ երեկոյան հայտարարում էր Թուրքիայի նախագահը՝ պնդելով, թե պետությունը այսուհետ պատրաստվում է փոխհատուցել այն հնարավոր տարբերությունը, որ կարող է գոյանալ փոխարժեքի տատանումների դեպքում թուրքական լիրայով բանկային հաշվեհամարներ ունեցող քաղաքացիների համար։ Էրդողանի այս հայտարարությունից հետո ընդամենը մի քանի ժամում, ըստ Թուրքիայի Կենտրոնական բանկի, քաղաքացիներն ու մասնավոր ընկերությունները շուրջ մեկ ու կես միլիարդ դոլար վաճառեցին՝ կտրուկ կերպով ամրապնդելով լիրայի փոխարժեքը։ Օրվա ավարտին արդեն Ստամբուլի բորսայում մեկ դոլարի գինը 11 լիրա էր կազմում՝ կեսօրին արձանագրված 18-ի դիմաց։

Ֆինանսական շուկայում տիրող լավատեսությունը սնուցեց նաև Էրդողանի մեկ այլ հայտարարություն, որի համաձայն այսուհետ թուրքական արտահանող ընկերությունների համար երկրի Կենտրոնական բանկը արտոնյալ, այսպես ասած՝ առաջանցիկ փոխարժեք կսահմանի, որպեսզի դրանք ապահովագրված լինեն դոլարի հանդեպ լիրայի կուրսի հնարավոր նոր տատանումներից։

«Խոստացված գումարը քաղաքացիներին վճարելու է պետական գանձապետարանը», - Reuters-ի հետ զրույցում նշել է Թուրքիայի բանկերի ընկերակցության ղեկավար Ալփասլան Ջաքարը։

Անկախ տնտեսագետների համոզմամբ սակայն, այս նախաձեռնության էֆեկտը կարող է շատ կարճաժամկետ լինել և հետագայում բավական թանկ արժենալ թուրքական տնտեսության համար, քանի որ գումարային նոր զանգվածի մուտքը շուկա անխուսափելիորեն հանգեցնելու է գնաճի նոր ալիքի։

«Բիլքենտ» համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռեֆատ Գուրկայնակն էլ, Reuters-ի թղթակցի հետ զրույցում մտավախություն է հայտնել, որ կառավարության կողմից ձեռնարկվող այս քայլերը կարող են «վտանգավորի հետևանքներ ունենալ»։

Փորձագետները անգամ չեն բացառում, որ 2022 թվականին ինֆլյացիայի մակարդակը Թուրքիայում կարող է հասնել 30 տոկոսի՝ ներկայիս 21-ի դիմաց։ Նման սցենարի գլխավոր պատճառը, ըստ տնտեսագետների, բանկային տոկոսադրույքները ամեն գնով ցածր պահելուն ուղղված կառավարության քաղաքականությունն է։ Ռեջեպ Թայիփ Էրդողանը սակայն տրամագծորեն հակառակ տեսակետն ունի։

«Տոկոսադրույքների կրճատմանը զուգահեռ մենք ամիսների ընթացքում նաև ինֆլյացիայի մակարդակի անկման ականատեսը կդառնանք», - հայտարարում էր Էրդողանը։

Թուրքական ընդդիմությունը սակայն վստահ է, որ Էրդողանի նոր նախաձեռնությունները դատապարտված են ձախողման։ «Կառավարությունը քաղաքացիներին խոստանում է մի գումար, որն իրականում գոյություն չունի», - այսօր Անկարայում խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Շարքային քաղաքացիներից շատերի համոզմամբ ևս կառավարության վերջին գործողությունները ժամանակավոր էֆեկտ ունեցան։ Ինչպես Ստամբուլի բնակիչներից մեկն է ասում Reuters-ի թղթակցին, չնայած իշխանությունների պնդումներին, թե լիրայի երեկվա արժեվորումը մեծ հաջողություն էր, ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։

«Ամեն ինչ կարծես վերադառնում է նախկին վիճակին։ Երբ ես առավոտյան դուրս եկա տանից, ոսկու մեկ գրամի գինը 700 լիրա էր, այժմ արդեն՝ 803: Առավոտյան մեկ դոլարը 11 լիրա արժեր, հիմա արդեն 15», - նշում էր Ստամբուլի այս բնակիչը։

XS
SM
MD
LG