Մատչելիության հղումներ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած Ազգային ժողովի արտահերթ նիստը չկայացավ


Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների այսօր հրավիրած արտահերթ նիստը չկայացավ: Քվորում չլինելու պատճառով օրակարգում ընդգրկված միակ՝ «Հայաստան»-ի հեղինակած սահմանագծման ու սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող Ազգային ժողովի հայտարարության նախագծի շուրջ նիստերի դահլիճում քննարկում չծավալվեց:

Կեսօրին իշխող խմբակցությունը մեկ մարդու պես չեկավ ու չգրանցվեց, որ նիստը իրավազոր լինի:

բացառությամբ ԱԺ փոխնախագահ նիստը վարող Հակոբ Արշակյանի՝ մյուս 29 գրանցվածներն ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորներն էին։ Հաջորդ ժամերի ընթացքում էլ անհրաժեշտ թվով՝ գոնե 54 պատգամավոր չգրանցվեց:

Նախագծով դատապարտվում էր թուրք-ադրբեջանական ագրեսիան, կար նաև պաշտոնյաների գրավոր ու բանավոր համաձայնություններին վերաբերող ձևակերպում, որ դրանք պետք է լինեն Հայաստանի օրենսդրությանը համապատասխան, նաև պահանջ կառավարությունից՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հարցում չկատարել այնպիսի գործողություններ, օրինակ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, որը կարող է չեղարկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Իսկ նախագիծը այսպես են հիմնավորում՝ իրենք կարմիր գծեր են առաջարկում, իշխանությունը մերժում է, ուրեմն պատրաստվում է դրանք հատել։ «Քաղաքացիական պայմանագրի» կարծիքով՝ ընդդիմությունը զբաղվում է ներքաղաքական շահարկումներով, սահմանագծման և սահմանազատման հարցում փորձ են անում անվստահություն հայտնել կառավարությանը, ինչն իշխանականներն անհիմն են համարում։

«Հայաստան» խմբակցությունից ԱԺ-ի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իրենք ոչ թե քննադատում են իշխանությանը, այլ այդ հայտարարությամբ տալիս իրավիճակի գնահատականը։

«Այս հայտարարությունը բխում էր Հայաստանի Հանրապետության շահերից, սա ուղերձ էր միջազգային հանրությանը, սա ուղերձ էր թշնամուն, նոր Հայաստանի խորհրդարանի ամբողջական տեսակետն էր, որը կարող է լինել և՛ ընդդիմության, և՛ իշխանության տեսակետ: Իրենք կրկին խուսափեցին, որովհետև իրենք խուսափում են Թուրքիայի և Ադրբեջանի հասցեին որևէ կոշտ կամ պահանջատիրական հայտարարություն անեն, հետևաբար, գային, ասելիք չունեին, որոշեցին բոյկոտել՝ շառից-փորձանքից հեռու», - ասաց Սաղաթելյանը:

«Մենք որևէ բանից չենք վախենում, Ազգային ժողովի հայտարարությունը լրջագույն գործիք է, որը Ազգային ժողովի կողմից օգտագործվում է որպես միջազգային հանրությանը լրջագույն ուղերձներ հղելու միջոց, և այդ միջոցը պետք է օգտագործել նպատակային, ժամանակին և լուրջ ուղերձներ, հենց միջազգային հանրությանն ուղղված ուղերձներ մեջը ներառել: Սակայն ինչպես տեսնում ենք այս հայտարարությունն ունի զուտ ներքաղաքական, ես կասեի, քարոզչական և սպեկուլյատիվ բնույթ», - ասաց իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովից Անուշ Բեղլոյանը:

Նա չթաքցրեց՝ այսօրվա նիստին չգալու միասնական որոշում է եղել. «Այստեղ մեր որոշումը եղել է, այո, միասնական»:

Հայտարարության այս նախագիծը «Հայաստան» խմբակցությունը երկրորդ անգամ էր փորձում օրակարգային դարձնել՝ հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած նախագիծը հերթական նիստերի օրակարգում քվեարկությամբ պետք է ընդգրկվեր, իշխանությունը չմասնակցեց, ընդդիմության ձայները չբավարարեցին հարցն օրակարգում ներառել։

Այս անգամ ընդդիմադիրները արտահերթ էին նախաձեռնել, ինչը իշխանականները փաստացի տապալեցին։

XS
SM
MD
LG