Հայաստանի Ազգային ժողովն ու արտգործնախարարությունը շարունակում են լռել՝ արդյո՞ք Ռուսաստանի ԱԳՆ-ն հարցում է ուղղել պաշտոնական Երևանին՝ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի մեկամսյա վաղեմության աղմկահարույց խոսքերի վերաբերյալ, և , եթե այո՝ ի՞նչ է արձագանքել հայկական կողմը։
Լրատվամիջոցներում երեկ տարածված ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է Ռուսաստանի արտգործնախարավը նշում, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակը մեղադրել է Ռուսաստանին` Ղարաբաղին դավաճանելու համար։ Լավրովը ընդգծում է, որ ռուսաստանյան կողմը հարցում է ուղարկել՝ ի՞նչ են նշանակում այդ խոսքերը, եզրափակելով՝ այդքան էլ ճիշտ չէ շահարկումներ անել Ռուսաստանի դերակատարության շուրջ։
Թե երբ ու որտեղ է Ռուսաստանի արտգործնախարարը խոսել Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հայտարարության մասին, պաշտոնապես չի հաղորդվել։
«Ազատությունն» այսօր հարցումներ է ուղարկել Հայաստանի Ազգային ժողով ու արտգործնախարարություն՝ արդո՞ք Ռուսաստանի ԱԳՆ-ից ստացե՞լ են նման հարցում, և եթե այո՝ ի՞նչ պատասխան է ներկայացվել պաշտոնական Մոսկվային։ Պատասխան դեռ չի ստացվել։
Մոտ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 12-ին, Երևանում ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ի պատասխան դիտարկմանը՝ հանձնել եք Ղարաբաղը, մասնավորապես, հայտարարել էր. - «Դուք կարծում եք, որ հանձնե՞լ ենք Ղարաբաղը։ Հայաստանի հասարակությունն էլ մոտեցում ու կարծիքն ունի, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը: Եթե ինչ-որ մեկը ուզում էր հանձնել Ղարաբաղը, դա անելու մի քանի տարբերակ կար, ներառյալ «Լավրովի պլանը»»:
Միայն շաբաթներ անց Ռուսաստանի արտգործնախարարությունը որոշեց արձագանքել Հայաստանի խորհրդարանի խոսնակին, այն էլ՝ ուշագրավ եղանակով։ Ռուսաստանյան պետական РИА Новости լրատվական գործակալությունը դեկտեմբերի 3-ին հղում տալով Ռուսաստանի արտգործնախարարության իր անանուն զրուցակցին տարածեց պաշտոնյանի խոսքերը. - «Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ։ Նման երևակայական իրողություններին է վերաբերում նաև «Լավրովի պլանը»»։ Հավելելով, որ չի կարելի խոսել «հանձնման» մասին, քանի որ խոսքը ղարաբաղյան հակամարտության փուլային լուծման մասին էր՝ Լավրովի գլխավորած գերատեսչությունում եզրափակել էին. «Եվս մեկ անգամ համեմատեք համանախագահների նշված առաջարկությունները ներկա իրավիճակի հետ և հետևություններ արեք»։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում այս արձագանքը բացակայում է, իսկ РИА Новости-ին, հղում է անելով արտգործնախարարությանը, այդպես էլ չի նշում պաշտոնյայի անունը՝ օգտագործելով «այնտեղ ասացին», «այնտեղ պարզաբանեցին» ձևակերպումները։
Երեկ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ այս հարցին անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարելով, որ Ռուսաստանի ու Հայաստանի արտգործնախարարների դեկտեմբերի 8-ի հեռախոսազրույցից հետո պաշտոնական Մոսկվան այս թեման համարում է փակված. - «Կարգավիճակը մի բարձրացրեք. այն [Հայաստանի Ազգային ժողովի նախագահի] հայտարարությունը չէր, այլ պատասխան հնչած հարցին։ [Այդ խոսքերը] չենք դիտարկում որպես «միջադեպ»։ Կարևոր էր հստակեցնել հարցի էությունը։ Թեման արծարծրվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու իր հայաստանցի գործընկեր Արարատ Միրզոյանի այս դեկտեմբերի 8-ի հեռախոսային խոսակցության ժամանակ։ Այդ թեման համարում ենք փակված»։
Երկու օր առաջ կայացած Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցի ամսին հայտնել են թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի արտգործնախարարությունները, սակայն երկու երկրների գերատեսչությունների տարածած հաղորդագրություններում էլ բացակայում էր տեղեկությունը, որ քննարկել են նաև Հայաստանի խորհրդարանի խոսնակի խոսքերը։