Ֆրանսիայի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ Ջամալ Հաշոգիի (Խաշոգջի) սպանությանն առնչություն ունենալու մեղադրանքով Փարիզի օդակայանում Սաուդյան Արաբիայի հպատակ Խալեդ Այեդ Ալ-Օթայբիին, ամենայն հավանականությամբ, սխալմամբ են ձերբակալել:
Ենթադրվում է, որ նրա անունն ու ազգանունն ամբողջությամբ համընկնում են իրական ամբաստանյալի անվան և ազգանվան հետ, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել այդ թյուրիմացությունը:
«Պարոն Հաշոգիի սարսափելի սպանությունից հետո սկսվել է միջազգային հետաքննություն, որն ընթացքի մեջ է, ուզում եմ ընդգծել՝ սա ոչ թե Ֆրանսիայի, այլ միջազգային մակարդակով հետաքննություն է, հետևաբար, մենք պետք է կատարենք Ինտերպոլի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, այդ մարդուն կալանավորելու միջազգային հրահանգը Թուրքիայի իշխանությունն է արձակել, դա էր կալանավորման պատճառը, հուսով ենք, որ հնարավորինս արագ՝ առաջիկա մի քանի ժամում, ամեն ինչ կպարզաբանվի»,- ասել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Ատալը:
Քննիչների միջազգային խումբը 2019 թվականին հանգել է այն եզրակացության, որ Սաուդյան Արաբիայից 15-հոգանոց խումբը 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքում դաժանաբար սպանել է ընդդիմադիր լրագրող և հրապարակախոս Հաշոգիին, ով հյուպատոսարան է եկել ամուսնանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու նպատակով:
Մարդասպանների խմբում է եղել ոմն Խալեդ Այեդ Ալ-Օթայբի, ով նախկինում ծառայել է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի թիկնազորում: