Կոռուպցիոն բնույթի քրեական գործերն ավարտին հասցնելու և դրանք դատարան ուղարկելու հարցում նախաքննական մարմիններն ամենևին չեն հապաղում, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ պնդել են Գլխավոր դատախազությունից։
Ավելի քան երկու տարի ընթացող նախաքննությունների մասին դատախազությունից տեղեկացրել են, որ գործերի ձգձգումը կապված է մի շարք օբյեկտիվ պատճառներից, մասնավորապես, որ հանրապետությունում կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քանակը գնալով մեծանում է, դրանք հիմնականում ծավալուն են ու երբեմն հանցագործության դեպքից տասը և ավելի տարիներ են անցել, ինչը լուրջ դժվարություններ է առաջացնում գործերը քննելու համար։
Դատախազությունից որպես քննությունների դանդաղման պատճառ են նշել նաև փորձաքննությունների ձգձգումները, ինչպես նաև քովիդի համավարակն ու 44 օր տևած պատերազմը, միաժամանակ շեշտել են, որ կոռուպցիոն դեպքերի բացահայտումները 2019 թվականին մոտ 27 տոկոսով ավելացել են 2018-ի համեմատ, մոտ 60 տոկոսով էլ ավելացել է ավարտված ու դատարան ուղարկված գործերի քանակը։
Անցած տարիներին Լոռու մարզի տարբեր համայնքներում տեղի ունեցած չարաշահումների բազմաթիվ փաստերով իրավապահներին էր դիմել մարզը երկու տարի ղեկավարած արդեն նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Նրա դիմումների հիման վրա քրեական գործեր էին հարուցվել, որոնց հիմնական մասի նախաքննություններն իր պաշտոնավարման ընթացքում այդպես էլ դատարան չհասան։
Պաշտոնից հեռանալու նախօրեին «Ազատության»-ը տված հարցազրույցում նա ասել էր, որ գոհ չէ կոռուպցիոն գործերի քննության տեմպերից ու շեշտել, որ մարզպետի գործառույթը փաստերն իրավապահներին հասցնելով սահմանափակվում է։
«Այդ տեմպերը, բնականաբար, գոհացուցիչ չեն, ցանկալի է, որ ավելի արագ այդ գործերը քննվեն, և նաև վստահություն առաջանար հասարակության մոտ այդ առումով, բայց ի վերջո, կարծում եմ, այդ գործերը կավարտվեն, ցավոք սրտի, չեմ կարող ասել, թե երբ կավարտվեն», - ասաց Ղուկասյանը։
Ղուկասյանից հետո մարզպետի պաշտոնը ստանձնած Արամ Խաչատրյանն «Ազատության»-ն ասաց՝ ինքն էլ կոռուպցիայի նկատմամբ հետևողական կլինի։ «Համենայն դեպս անտարբեր չենք մնա, իսկ մնացածը կքննարկենք մեր իրավաբանական բաժնի հետ, նոր արդեն մեր որոշումները կկայացնենք», - ասաց Խաչատրյանը։
Վանաձորի ամենաաղմկահարույց գործերը կապված են նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի օրոք տեղի ունեցած տասնյակ շենք-շինությունների, տարածքների ու հողամասերի օտարման գործընթացների հետ։ Իրավապահների հարուցած քրեական գործերով՝ դրանք վաճառելիս համայնքապետարանի պաշտոնյաները չարաշահել են իրենց լիազորությունները։ Մի շարք դեպքերում նախկին քաղաքապետը համայնքին պատկանող տարածքները միանձնյա որոշմամբ անհատույց կամ չնչին գներով հատկացրել էր իր մերձավորներին, անգամ հարազատ որդուն, ով այսօր Հայաստանի վարչական դատարանի նախագահն է։
Դատախազությունից տեղեկացնում են, որ փորձաքննություններ են նշանակվել և գործով որևէ պաշտոնյայի նկատմամբ դեռևս մեղադրանք չի առաջադրվել։
Վանաձորի նախկին քաղաքապետի անունը շոշափվում է նաև 2014-ից 2017 թվականներին մարզկենտրոնում մի քանի փողոցների ընթացիկ և հիմնանորոգման աշխատանքների ընթացքում կատարված կոռուպցիոն չարաշահումների հետ։ Նախաքննական մարմինը փաստեր ունի, որ ճանապարհների հիմնանորոգման ընթացքում տեղի է ունեցել խարդախություն, պաշտոնեական լիազորությունների չարաշահում նաև փաստաթղթեր են կեղծվել։
Իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված ժամանակաշրջանում նախկին քաղաքապետի ընտանիքին պատկանող ընկերությունները ճանապարհաշինական միլիոնավոր դոլարների հասնող ծրագրերն իրականացնելու իրավունքը ստացել են հիմնականում առանց բաց մրցույթի։
Ավելի խիստ հոդվածներով է քրեական գործ հարուցվել տարիներ առաջ Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանում տեղի ունեցած թալանի փաստով։ Դատախազությունից հայտնում են, որ Վանաձորի նախկին ղեկավարը պաշտոնեական կեղծիքներ է կատարել, չարաշահել լիազորություններն ու վատնել համայնքի առանձնապես խոշոր չափերով գույքը։ Մաքրման չգործած կայանից անհետացել էին թանկարժեք խողովակներ ու սարքավորումներ։ Այս դեպքով ավելի քան մեկ տարի առաջ էր քրեական գործ հարուցվել, բայց դեռևս որևէ մեկի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։ Իրավապահները հայտնում են, որ փորձաքննություններ են ընթանում։