Օլաֆ Շոլցը դեկտեմբերի 8-ին ամենայն հավանականությամբ կդառնա Գերմանիայի հաջորդ կանցլերը։ Այս հարցում այլևս որևէ կասկած չկա, երեկ նա սոցիալ-դեմոկրատների հավաքին ներկայացրել է նոր կառավարության մի շարք անդամների թեկնածությունը։
Առողջապահության նախարարի պաշտոնում Շոլցն առաջադրել է Քյոլնի համալսարանի պրոֆեսոր, համաճարակաբան Կարլ Լաուտերբախի թեկնածությունը։
«Համաճարակը հեռու է ավարտվելուց, և երկրի բնակչության մեծ մասը հավանաբար ցանկանում է, որ առողջապահության համակարգը մասնագետ գլխավորի, մեկը, ով իսկապես լավ է այդ գործում, և նրա անունը Կարլ Լաուտերբախ է», - ասել է Շոլցը։
Արդարադատության ներկայիս նախարար Քրիստին Լամբրեխտին նոր կառավարությունում Շոլցը վստահում է պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ ներքին գործերի նախարար է առաջադրել Նենսի Ֆեյզերին՝ նա կլինի Գերմանիայի ներքին գործերի առաջին կին նախարարը։
Ըստ գերմանական DPA գործակալության՝ ակնկալվում է, որ նոր կառավարության կազմում կլինեն 9 տղամարդ և 8 կին նախարարներ։ Արտաքին գործերի նախարարի հավանական թեկնածու է համարվում կանաչների ներկայացուցիչ Անալենա Բերբոկը։
Գերմանիայի նոր կառավարության ապագա ծրագրերից մամուլը հաղորդում է, որ այն մտադիր է մեծացնել ներդրումները թվային և կանաչ տեխնոլոգիաների ոլորտներում, հասնել այն բանին, որ պետական ծախսերը փակվեն ոչ թե նոր վարկերի, այլ բացառապես բյուջեի եկամուտների հաշվին։
Դեկտեմբերի 8-ին՝ նոր կանցլերի ընտրության օրը Անգելա Մերկելը պաշտոնապես կհեռանա պաշտոնից։ Նրան հրաժեշտ տալու հանդիսավոր արարողությունը Բեռլինում արդեն անցկացվել է դեկտեմբերի 3-ին։
Մերկելը չէր մասնակցել սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններին։ Առանց նրա Քրիստոնեա-դեմոկրատական միությունը պարտություն կրեց։ Հաղթանակի հասած սոցիալ-դեմոկրատների առավելությունը մեծ չէր, նրանք այնքան ձայն չէին հավաքել կառավարությունը միայնակ կազմելու համար։ Ընտրություններից հետո բանակցություններ էին ընթանում Բունդեսթագ անցած ազատ դեմոկրատների ու կանաչների հետ կոալիցիա կազմելու համար, և ահա երեկ հայտարարվեց համաձայնության հասնելու մասին։
Նկատի ունենալով կուսակցություններից յուրաքանչյուրի խորհրդանիշներին բնորոշ գույները՝ այդ երեք ուժերի կոալիցիան արդեն սկսել են «լուսացույց» կոչել։