Մատչելիության հղումներ

Գերմանիայի ապագա իշխող կոալիցիան ներկայացրեց գործունեության ծրագիրը


Բուդեսթագի լիագումար նիստերի դահլիճը
Բուդեսթագի լիագումար նիստերի դահլիճը

Անգելա Մերկելի 16 տարի տևած կառավարումը մոտենում է ավարտին։ Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում Մերկելին փոխարինում է Բունդեսթագի սեպտեմբերյան ընտրություններում հաղթած սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլաֆ Շոլցը։

Ու թեև սոցիալ-դեմոկրատները կարողացել էին մեկ ու կես տասնամյակ իշխանության ղեկն իրենց ձեռքում պահած քրիստոնյա-դեմոկրատներից ավելի շատ պատգամավորական մանդատ ստանալ, բայցևայնպես չկարողացան միակուսակցական կառավարություն ձևավորել։ Դա էր պատճառը, որ շուրջ երկու ամիս շարունակված դռնփակ բանակցություններից հետո ի վերջո որոշվեց վերադառանալ եռակողմ կոալիցիաների պրակտիկային, որը գերմանական քաղաքական ավանդույթի համաձայն այս անգամ ստացավ «լուսաֆոր» անվանումը։

Կոալիցիոն կառավարությանը տրվող այդ մականվան պատճառն այն է, որ սոցիալ-դեմոկրատների հետ, որոնց պաշտոնական գույնը կարմիրն է, կառավարության կազմում կլինեն նաև կանաչները, ինչպես նաև լիբերալ «Ազատ դեմոկրատները», որոնց պաշտոնական գույնը դեղինն է։

Նախօրեին ապագա կոալիցիոն գործընկերները ներկայացրեցին նոր ձևավորվող կառավարության ծրագիրը, որի ընդհանուր ծավալը 177 էջ էր։
Ծրագրի առանցքային գաղափարը սակայն գրեթե նույնությամբ կրկնում է Մերկելի կառավարության գործունեության հիմնարար դրույթը՝ Գերմանիայի առաջատար դերակատարությունը Եվրամիության կազմում։

«Գերմանիան ԵՄ անդամակցության շրջանակներում պատասխանատվություն պետք է ստանձնի։ Մենք Եվրոպայի կենտրոնում գտնվող մեծ մի պետություն ենք և մեր նպատակը պետք է լինի, որ ԵՄ-ն գնալով ավելի արդյունավետ գործի», - հայտարարել է Օլաֆ Շոլցը։

Գերմանիայի ապագա կանցլերի խոսքով, ի դեպ, պաշտոնական Բեռլինը առաջիկա տարիներին խթանելու է համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ՝ բայց ոչ ի հաշիվ եվրոպական ինքնիշխանության. - «Մենք այն ուժն ենք ներկայացնում, որի ցանկությունը ուժեղ, ինքնիշխան Եվրոպայի ստեղծումն է։ Մենք հաստատակամորեն աջակցում ենք նաև տրանսատլանտյան համագործակցության գաղափարին, մասնավորաբար Միացյալ Նահանգների հետ գործակցությանը, որը, ապագա կառավարության տեսանկյունից, կենսական նշանակություն ունի»։

Նոր եռակուսակցական կառավարությունը իր լիազորությունները կատարմանը ձեռնամուխ կլինի արդեն առաջիկա շաբաթներին։ Գերմանական մամուլի տեղեկություններով, Անգելա Մերկելը ամենաուշը դեկտեմբերի 8-ին կլքի այն աշխատասենյակը, որը զբաղեցնում էր 2005 թվականի աշնանից։

Առայժմ ապագա կառավարության անհատական կազմը դեռ վերջնականապես հստակեցված չէ, հայնտնի է միայն, թե որ կուսակցությունը քանի նախարարական պորտֆել կստանա։
Սոցիալ-դեմոկրատները, կանցլերի պաշտոնից բացի, նոր կառավարությունում յոթ նախարար կունենան, այդ թվում՝ Ներքին գործերի և Պաշտպանության նախարարությունների ղեկավարների պաշտոնները։ Կանաչներին նոր կառավարության կազմում հինգ նախարարական պորտֆել է հատկացվել։ Առանցքայինն իհարկե արտգործնախարարի պաշտոնն է, որը, ըստ ամենայնի, կստանձնի կանաչների առաջնորդ Աննալենա Բերբոկը՝ դառնալով գերմանական դիվանագիտության առաջին կին ղեկավարը։

Կոալիցիոն երրորդ ուժը՝ «Ազատ դեմոկրատները», Շոլցի կառավարությունում չորս գերատեսչություն կղեկավարեն, այդ թվում՝ տնտեսական բլոկի առանցքը համարվող ֆինանսների նախարարությունը։
Կոալիցիոն կառավարության ծրագրում բազմաթիվ դրույթներ կան՝ վերականգնվող էներգետիկայի զարգացումից մինչև պաշտպանական ծախսերի մեծացումն ու հարվածային անօդաչու սարքերի ձեռքբերման վրա սահմանված արգելքի հաղթահարումը։ Տեսանելի ապագայում սակայն գերմանական նոր կառավարության գլխավոր նպատակը լինելու է կորոնավիրուսի համաճարակի հաղթահարումը։

«Համաճարակի հաղթահարման ճանապարհը պատվաստանյութերի կիրառումն է։ Եվ մենք պետք է պատվաստումները պարտադիր դարձնենք այն վայրերում, որտեղ կուտակված են մարդկանց խոցելի խմբերը», - հայտարարում էր Օլաֆ Շոլցը։

Ինչ վերաբերում է Գերմանիայի նոր կառավարության արևելյան քաղաքականությանը, ապա այստեղ ևս մեծ անակնկալներ չկան։ Բեռլինը Շոլցի իշխանության օրոք շարունակելու է համագործակցել Մոսկվայի հետ՝ միաժամանակ կոչ անելով ռուսաստանյան իշխանություններին հարգել մարդու իրավունքները երկրի ներսում, ինչպես նաև դադարեցնել ճնշումը Ուկրաինայի նկատմամբ, որի տարածքային ամբողջականությունը Գերմանիայի նոր կառավարությունը անվերապահորեն ճանաչում է։

Իրանի միջուկային ծրագրի խնդրում, գերմանական եռակողմ կոալիցիան արագ լուծումների կողմնակից է՝ համարելով, որ Թեհրանի հետ պայմանագիրը հարկավոր է կնքել մոտ ապագայում, Իրանն էլ առանց նախապայմանների պետք է կատարի միջազգային հանրության առջև ստանձնած բոլոր պարտավորությունները։

Դե իսկ Թուրքիայի հարցում գերմանացի սոցիալ-դեմոկրատները, կանաչներն ու ազատականները միակարծիք են՝ այդ երկրի ԵՄ-ին անդամակցության հարցում որևէ առաջընթաց լինել չի կարող, քանի դեռ շարունակվում են թուրքական իշխանությունների կողմից մարդու իրավունքների լայնածավալ խախտումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG