Մատչելիության հղումներ

ԵՄ մի շարք երկրներ քննարկում են Աֆղանստանում ընդհանուր դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հնարավորությունը․ Մակրոն


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, արխիվ

«Մենք մի քանի եվրոպական երկրների հետ մտածում ենք ընդհանուր տեղ կազմակերպել, որտեղ կարող էին ներկա լինել եվրոպացի դիվանագետները», - Էմանյուել Մակրոնի խոսքերն է մեջբերում «Ռոյթերզ» գործակալությունը։

«Այդ քայլը տարբերվում է քաղաքական ճանաչումից կամ «Թալիբանի» հետ քաղաքական երկխոսությունից։ Մենք կփորձենք ներկայացուցչություն բացել հնարավորինս շուտ», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ նշելով, որ նախ պետք է կարգավորվեն դեսպանատան անվտանգության հարցերը։

Օգոստոսին Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները նոյեմբերին երկօրյա բանակցություններ են անցկացրել Եվրամիության դիվանագիտական պատվիրակության հետ և կոչ արել եվրոպացի դիվանագետներին տարանջատել քաղաքական նկատառումները մարդասիրականից։

Արևմտյան երկրները «Թալիբանը» չեն ճանաչում որպես Աֆղանստանի օրինական ղեկավարություն։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ թալիբները երկար ճանապարհ ունեն անցնելու, եթե ցանկանում են միջազգային ճանաչման հասնել։

XS
SM
MD
LG