Մատչելիության հղումներ

Քաղաքական քարոզով զբաղվող քահանան կրկին փիլոնազրկվել է


Բյուրավանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Ղազար քահանա Պետրոսյան
Բյուրավանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Ղազար քահանա Պետրոսյան

Բյուրավանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Ղազար քահանան այսօրվանից հռչակվել է փիլոնազուրկ։

Ըստ Մասյացոտնի թեմի տարածած հաղորդագրության, տեր Ղազարը թեմի առաջնորդի հորդորներն անտեսել է, շեղվել է հովվական առաքելությունից, կուսակցական, քաղաքական քարոզչությամբ է զբաղվել, դրսևորել է հոգևորականին ոչ հարիր կեցվածք ու իր ելույթներում անընդունելի բառապաշար է օգտագործել։ Քահանան փիլոնազրկվել է երկու շաբաթով։

«Եթե այդ շրջանում Տեր Ղազար քահանա Պետրոսյանը չվերանայի իր վարքագիծը և չվերադառնա իր հովվական առաքելությանը՝ ըստ եկեղեցական-կանոնական կարգի, թեմի Առաջնորդի կողմից Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբին դիմում կներկայացվի՝ ընթացք տալու նրա կարգալուծության հարցի քննությանը»:

Բյուրավանի քահանայի կարգալուծության հնարավորության մասին մի քանի օր է, ինչ խոսվում է։ Պատճառն Արտաշատի ընտրություններն են ու դրան մասնակցող «Քրիստոնյա Հայաստան» կուսակցությունը։ Տեր Ղազարը իր համացանցային տեսանյութերով, մեղմ ասած՝ աջակցում է այդ կուսակցությանը։

«Անպայման, մերժելով սոդոմասորոսական բանդային, ընտրում եք չորրորդ համար», - համացանցում տեղադրած տեսանյութում կոչ է անում քահանան։

Այս տեսանյութը քահանան յութուբյան իր էջում այսօր է տեղադրել, այնինչ օրեր առաջ թեմից բանավոր և գրավոր զգուշացում-նկատողություն էր ստացել իր վարքագծի և օգտագործած բառապաշարի առնչությամբ:

«Հովվական խոսք» վերնագրված տեսանյութում տեր Ղազար քահանան անցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արտաշատի ավագանու նախընտրական ցանկի վրայով. - «Հրայր ջան, ՔՊ-ից վախենում ես, Աստծուց չե՞ս վախենում։ Սեթո ջան, հերի'ք է քո քաղաքական կարիերան։ Աշո'տ, քո անունը ո՞նց ա հայտնվել էստեղ, կասե՞ս»...

Ավելի քան մեկ ժամանոց ելույթում տեր Ղազարը վստահություն է հայտնում, որ այդ մարդիկ՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները իրենց համայնքում մեկական ձայն են հավաքելու, մյուսներն ընտրելու են «Քրիստոնյա Հայաստանին». - «Հրայրն ասում էր՝ տեր Ղազարին ձեն ա պետք, մի քանի ձեն կտայինք... Հրայր ջան, դու ձեների սեփականատերը չես»։

Քահանան թեմից օրեր առաջ այսպիսի հիշեցում էր ստացել. «Եկեղեցականը չի կարող իրականացնել քաղաքական-կուսակցական գործունեություն, հիմնել կուսակցություն, անդամակցել վերջինիս և զբաղվել զուտ քաղաքական-կուսակցական գաղափարների քարոզչությամբ ու տարածմամբ»:

Արտաշատի ընտրություններին 6 կուսակցություն է մասնակցում։ Արտաշատը խոշորացվում է 38 գյուղերի հետ։ «Քրիստոնյա Հայաստան» կուսակցության ցուցակում, բնականաբար, քահանայի անունը չկա։ Տեր Ղազարը իրեն համարում է կուսակցության հոգևոր խորհրդատուն։

Կուսակցության նախագահ Հրաչյա Ներսիսյանը Բյուրավանի եկեղեցու դպիրն է, դպրոցի զինղեկը։ Ըստ տեր Ղազարի, իրենց նպատակը քրիստոնյա պետություն ստեղծելն է՝ «ընդդեմ սատանայական ոչնչապետության»։ Նկատի ունեն իշխող ուժին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Կարլեն Մկրտչյանն ասում է, թե ընդհանուր առմամբ քահանայի քարոզն իրենց չի խանգարում. - «Ուղղակի որ հոգևորական ա, էդ ա երևի, որ հարց ա առաջացնում, որ հոգևորականը քաղաքականության մեջ ա»։

Տեր Ղազարը սակայն մի առանձին տեսանյութ ունի, որտեղ հիմնավորում է քաղաքականությամբ զբաղվելու իր իրավունքները՝ ո'չ Աստվածաշնչում, ոչ Համաբարբառ հատորում այդ բառը չկա. - «Հետևաբար Աստվածաշունչ սուրբ մատյանից այս արգելանքը բնականաբար չկա»։

Տեր Ղազարը քաղաքական հայտարարությունների համար երկրորդ անգամ է փիլոնազրկվում, այս անգամ՝ կարգալուծության սպառնալիքով։ Նախորդը 2019-ի գարնանն էր. քահանան տրանսգենդեր կնոջ խորհրդարանական ելույթից հետո վարչապետ Փաշինյանին էր դիմել. - «Դու քրիստոնյա ես, սոդոմականությունը Աստծու դեմ մեղք է»։

Բյուրավանում թեպետ նախընտրական պաստառներն ամենուր են՝ կանգառում, օդում, փողոցում, բայց մարդիկ առանձնապես տեղյակ չեն՝ ով ով է։ Բայց որ տեր Ղազարը «Քրիստոնյա Հայաստանի» հետ կապ ունի՝ գիտեն։

«Ինձ որ հարցնեն, կասեմ առաջին հերթին ես ձեռ կբարձրացնեմ, կասեմ տեր հայրին տվեք։ Ոչ թե ամեն բառադի, խուժան մի մարդին բերեն դնեն ընդեղ, թալանեն, ժողովուրդը էլի մնա նույն կիկոն», - «Ազատությանն» ասաց մի բյուրավանցի տղամարդ։

Բյուրավանի հոգևոր հովիվը մեր նկարահանման ժամանակ եկեղեցում չէր, տանն էր։ «Ազատության» հետ զրուցել չցանկացավ։

Տեր Ղազարը փիլոնազրկման 14 օրերի ընթացքում հոգևոր որևէ խորհուրդ չի կարող կատարել։ Ժամկետը, ըստ հոգևորականների, տրվում է փիլոնազրկման պատճառները քննելու ու ինքն իրեն վերանայելու, ապաշխարելու համար։

Կընդհատի տեր Ղազարն իր՝ թեմի կարծիքով քաղաքական քարոզը, թե ոչ, առայժմ պարզ չէ։ Նա իր գործունեությունը համարում է «գայլերին սանձելու, գառներին պաշտպանելու հովվական պարտականություն»։

XS
SM
MD
LG