Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆինլանդիայի իր գործընկերոջ՝ Պեեկա Հաավիստո Օլավիի հետ։

Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող մի շարք հարցերի։

«Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը՝ կարևորելով իրավիճակի դեէսկալացիայի նպատակով միջազգային հանրության կողմից հասցեական արձագանքը։ Հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը», - ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում։

Այս տարվա նոյեմբերի 16-ին բախումներ էին սկսվել հայ-ադրբեջանական սահմանին։ Մոտ վեց ժամ շարունակված մարտերը դադարեցվեցին ռուսական կողմի միջնորդությամբ։ Հայկական կողմը հաղորդեց 6 զոհի մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին ասուլիսի ժամանակ հայտնեց՝ չճշգրտված տվյալով 32 գերեվարված կա։ Ադրբեջանը պաշտոնապես հայտնում է 7 զոհի և 10 վիրավորի մասին։ Բախումներից 10 օր անց Բաքուն հայկական կողմին փոխանցեց երկու քաղաքացու։

Հանդիպման ընթացքում արտգործնախարարները նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել Ֆինլանդիայի հետևողական դիրքորոշման կապակցությամբ՝ «ի սատարումն հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին»։

Առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության առավել խորացման համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար կապերի խթանման և նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։

Միրզոյանը Ստոկհոլմում է ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովի շրջանակներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG