Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հավանություն է տվել հետագայում համաճարակների կանխարգելման մասին միջազգային համաձայնագրի կնքման հարցով բանակցություններ սկսելու որոշմանը։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՀԿ ներկայացուցչին։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նախաձեռնությունը հավանության է արժանացել կազմակերպության անդամ 194 երկրների կողմից։
«Մեզ ներկայացված տեքստը լայն քննարկումների, անկեղծ մտքերի փոխանակման և փոխզիջումների արդյունք է», - Reuters-ին ասել է Ավստրալիայի ներկայացուցիչ Սալի Մենսֆիլդը:
Գործակալությունը նշում է, որ համաճարակների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումներն ուժեղացնելու նպատակով կնքվելիք համաձայնագիրը պատրաստ կլինի 2024 թվականի մայիսին։ Համաձայնագրով կառույցի անդամ երկրները պարտավորվում են տվյալների փոխանակումից մինչև հետազոտության արդյունքում ստացված հնարավոր պատվաստանյութերի և դեղերի փոխանակում իրականացնել։