Մատչելիության հղումներ

Աուդիտորական ընկերությունը ներկայացրել է համահայկական հիմնադրամում իր եզրակացությունը


«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին նախագահ Արմեն Սարգսյանը, ով նաև հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ցավով խոսեց հիմնադրամի շուրջ 44-օրյա պատերազմից հետո ձևավորված անվստահության մթնոլորտի մասին։

«Ակնկալում եմ, որ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները լույս կսփռեն իրավիճակի վրա և կծառայեն վստահության մթնոլորտի ձևավորմանը։ Հիմնադրամն անցել է երկար ու դժվարին ճանապարհ և պետք է ամեն ինչ անի սխալներն ու թերությունները շտկելու ու վստահությունը վերականգնելու համար», - հույս հայտնեց նախագահը։

44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամն այն գլխավոր կառույցներից մեկն էր, որ Հայաստանի և սփյուռքի հայությանը կոչ էր անում գումար հանգանակել պատերազմի մեջ գտնվող հայրենիքին օգնելու համար։ Այս տարեսկզբին վարչապետ Փաշինյանը նշել էր, որ պատերազմի օրերին հիմնադրամին է հանգանակվել մոտավորապես նույնքան գումար, որքան նախորդ 28 տարիներին միասին վերցրած՝ 212 միլիոն դոլար։ Այս գումարի մի մասը՝ 52 միլիարդ դրամը կամ 107 միլիոն դոլարը, նվիրատվության ձևով փոխանցվել էր կառավարությանը։ Պատերազմից հետո, այդ թվում՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից քննադատություններ հնչեցին, թե գումարը ոչ նպատակային է ծախսվել: Նախագահ Սարգսյանը ֆինանսական միջոցների աուդիտ՝ ուսումնասիրություն, պահանջեց։

Այսօրվա նիստի ընթացքում աուդիտորական ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց եզրակացությունը։ Հիմնադրամի փոխանցմամբ՝ հոգաբարձուների խորհուրդը իր որոշման մասին ավելի ուշ կհայտնի։ Խորհրդի այսօրվա նիստին լրագրողները իրավունք ունեին նկարահանելու միայն նախագահի բացման խոսքը, որից հետո նիստն ընթացավ փակ ֆորմատով։

Նիստին խորհրդի 30 անդամներից մասնակցում էին 23-ը, այդ թվում` Հայաստանի նախագահը, վարչապետը, Արցախի նախագահը։ Ներկա չէին Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով հայտարարել է, որ հաշվի առնելով Ազգային ժողովում հիմնադրամի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծումը, գրություն է ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին՝ աուդիտի քննարկումը հետաձգելու առաջարկով, բայց արձագանք չի եղել։

«Նման ձևով աուդիտի հաստատումն անդառնալի վնաս կհասցնի այս խոշորագույն համահայկական կառույցի համբավին և հետագա գործունեությանը»,- հայտարարել էր Քոչարյանը։

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը կարծում է` հարցը նախ պետք է մասնագիտական խմբի կողմից ուսումնասիրվի, այնուհետև նաև այլ ֆորմատներով. «Սա այնպիսի հարց է, որ նաև հիմնադրամի հեղինակության հարցն է, ու հանրային վստահության ապահովման կամ որոշակի վերականգնման խնդիր ունենք: Դրա համար ես կարծում եմ, որ առավելագույնը հիմնադրամը պետք է անի` և՛ գործադիր մարմինը, և՛ խորհուրդը պետք է անեն, որ բոլոր մանրամասները պարզվեն և հանրայնորեն ներկայացվեն մեր հասարակությանը»:

Եթե թաքցնելու ոչինչ չկա, ինչո՞ւ իշխանությունը օր առաջ չի ձևավորում հանձնաժողովի կազմը. պատգամավոր

Վերջերս խորհրդարանում ընդդիմադիրների նախաձեռնությամբ ստեղծվեց հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, սակայն մեկ ամիս անց Ազգային ժողովի նախագահի կողմից հանձնաժողովի կազմը դեռ հաստատված չէ։ Ընդդիմությունը իր անդամներին ներկայացրել է, 7 անդամ դեռ պետք է առաջարկի իշխանությունը։

Եթե թաքցնելու ոչինչ չկա, ինչո՞ւ իշխանությունը օր առաջ չի ձևավորում հանձնաժողովի կազմը ու այսպիսով սկսի աշխատանքները, հարցնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը. «Որևէ մեկը ունի՞ արդյոք իրավունք մտածելու, որ իրենց ասածը իրականություն չի, և լավ էլ կան կոնկրետ հանգամանքներ, որ իրենք այս պահին փորձում են թաքցնել կամ էլ ձգձգել, ենթադրենք, ինչ-որ պատասխաններ գտնելու կամ լղոզելու համար»։

Ընդդիմադիրները թե՛ հիմնադրամին, թե՛ կառավարությանը մի շարք հարցեր են ուղղել, օրինակ՝ ի՞նչ հիմնավորմամբ է որոշվել հիմնադրամի միջոցները նվիրաբերել, մասնավորապես ինչի՞ վրա է ծախսվել այդ գումարը և այլն։ Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ աուդիտի եզրակացությունը և այսօրվա քննարկումը չեն փոխարինում քննիչ հանձնաժողովի գործունեությանը։

«Ի վերջո, պետք է մանրամասն դա դառնա քննության նյութ, հանրային քննության», - կարծում է նա:

«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում որոշվել է նաև, որ 2018-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնող Հայկակ Արշամյանը ևս 3 տարով կշարունակի պաշտոնավարել։

XS
SM
MD
LG