Վերսկսվել են 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, որոնք դադարեցվել էին հոկտեմբերի 14-ին:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) հայտնում է, որ փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր իրականացվել են Ֆիզուլի շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:
Նրա ինքնությունը, ըստ հաղորդագրության, կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` հայտնաբերվել է ընդհանուր 1698 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։