Մատչելիության հղումներ

Դատարանը սկսեց Սերժ Սարգսյանի գործով ապացույցների հետազոտման փուլը


Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստը սկսվեց ապացույցների հետազոտման փուլի մեկնարկով։ 4 հատորից բաղկացած դատական գործից այսօր մի քանի ցուցմունք հրապարակվեց։

Ըստ մեղադրանքի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, չարաշահել է պաշտոնեական դիրքը, միջամտել, որ գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղացիներին տրամադրվող դիզվառելիքի գնման մրցույթում հաղթի իր հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը։ Ինչի հետևանքով, ըստ իրավապահների, պետությանը հասցվել է մոտ կես միլիարդ դրամի վնաս։

Սարգսյանը, ինչպես նաև գործով անցնող մյուս անձինք, իրենց մեղքը չեն ընդունում և այն որակում են քրեական հետապնդում։

Այս քրեական գործը հարուցվել է դիզվառելիքի ներկրմամբ զբաղվող Սևան Քոչարյանի ցուցմունքի հիման վրա։ Գործով անցնող տուժողն իրավապահներին հայտնել է, որ մրցույթին մասնակցել են երեք ընկերություններ՝ որոնցից թեև ամենացածր գինն իրենց «Մաքսհուր» ընկերությունն է առաջարկել, բայց մրցույթում հաղթել է «Ֆլեշ» ընկերությունը։

Դատավոր Վահե Միսակյանը դատարանում հրապարակեց նրա լրացուցիչ ցուցմունքը. «Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ ենք փորձել ներմուծել 15 մեքենա շուրջ 360 տոննա դիզվառելիք, որն առանց պատճառաբանության 40 օր պահվել է Մեղրիի մաքսակետում: 45 օր շարունակ յուրաքանչյուր մեքենայի համար վճարել ենք օրը 100 դոլար տուգանք ,և միայն 45 օր անց ՀՀ վարչապետ Աբրահամյանի ցուցումով մեքենաները թույլատրել են մցնել ՀՀ տարածք՝ պայմանով, որ այլևս դիզվառելիք չներկրենք: 2016 թվականի մայիսի 1-ին երկու ավտոմեքենա ՌԴ-ից Եվրո 5 ստանդարտի դիզվառելիք ենք փորձել ներկրել, նշված մեքենաները 17 օր պահվել են Բագրատաշենի մաքսակետում առանց որևէ պատճառի, և միայն 17 օր անց թույլատրել են երկու մեքենաների մուտքը ՀՀ, ինչի արդյունքում մենք նույնպես նյութական վնասներ ենք կրել: Կնշեմ, որ բոլոր ապօրինությունների պատճառը հանդիսանում է ՀՀ նավթամթերքի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ընկերության ղեկավարության կամայականությունը, ովքեր օգտագործելով ՀՀ նախկին իշխանությունների հետ ունեցած իրենց կապերը և լծակները մենաշնորհ են սահմանել ՀՀ-ում վառելիքի շուկայում»:

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանից բացի, այս գործով ևս 4 մեղադրյալ էր անցնում։ Երկուսը՝ Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, գործի քննության ընթացքում մահացել են կորոնավիրուսից։

Մամուլը գրել էր, որ այս գործի շրջանակներում Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել նրա հետ առերեսված Սերգո Կարապետյանը: Սերժ Սարգսյանի փաստաբաններից Ամրամ Մակինյանը դատարանում ասաց՝ Կարապետյանի նկատմամբ ճնշում է գործադրվել։

«Քննիչը ինչ-որ փուլում նախաքննության մարդկանց կանչելու, տվյալ դեպքում Սերգո Կարապետյանին կանչելու իր որդեգրած ոճը փոփոխել է, գործի նախաքննության մի փուլից արդեն իսկ Սերգո Կարապետյանի նկատմամբ ճնշման մասին է, կանչում են ծանուցագրերով, դրա համար պետք է լինի առիթ, երբ որ փոխում է քննիչը իր քննության ոճը: Ծանուցագիրը իր մեջ պարունակում է հարկադրանքի տարրեր կիրառելու մասին նշումներ: Դրանից հետո փոխվում է այս քրեական գործով ամբողջ իրավիճակը», - ներկայացրեց Մակինյանը:

Մեղադրող դատախազն արձագանքեց, թե նույն բանը կրկնելիս իրականությունը չի փոխվում. «Ես պարզապես դատարանում չհրապարակեցի ձեր Ազգային անվտանգության ծառայությունում տրված բացատրությունը, որտեղ ուղիղ նշել եք, որ ձեր արած հայտարարությունները որևէ փաստական հիմք չունեն, դրանք պարզապես ձեր ենթադրությունների արդյունքն են»:

Նախկին նախագահը հիմնականում մասնակցում է այս գործով դատական նիստերին, բայց լրագրողների հետ շփումից զերծ է մնում։ Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, ապացույցների հետազոտությունը կշարունակվի մյուս շաբաթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG