Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, իսկ երեկ՝ Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ։
Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը գործընկերներին մանրամասն ներկայացրել է նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Հիշեցնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից ամիսներ շարունակ հնչեցվող՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառման սպառնալիքները և ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ, նախարարը շեշտել է, որ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի ու կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերին ի պատասխան Ադրբեջանը հերթական ագրեսիան է ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հասցեական արձագանքի և հետևողական գործողությունների իրականացման անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի բացահայտ ոտնձգություններն ու սադրիչ գործողությունները զսպելու համար։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս համատեքստում կարևորվել է համանախագահների՝ տարածաշրջան շուտափույթ այցելության իրականացումը:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների վերաբերյալ, Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Հայաստանի արևելյան սահմանագոտում երեքշաբթի օրն ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ, կողմերը կորուստներ ունեն։ Պաշտոնական Երևանը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե հայկական կողմն է «սադրանքի դիմել»։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվել է։