Մատչելիության հղումներ

Մեկ ամսից ավելի է, ինչ Ադրբեջանն արգելում է որոնողական աշխատանքներն իրեն անցած տարածքում


Ավելի քան մեկ ամիս է, ինչ ադրբեջանական կողմը չի թույլատրում իր վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել։

Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով հայկական կողմը ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։

«Այսօր էլ առավոտյան Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը եղել է Շուշիում, հանդիպել է ադրբեջանական զինվորականների հետ, բանակցություններ դարձյալ վարել է այնտեղ։ Ըստ ադրբեջանական զինծառայողների, առաջիկայում ևս կիրականացվի, այդ թույլտվությունը կստանան Բաքվից։ Բայց թե որն է պատճառը, որ արգելում են այնտեղ իրականացնել, դրա մասին ոչ ոք չի խոսում։ Մենք ենթադրում էինք, որ նոյեմբերի 9-ից հետո, իրենց տարած հաղթանակից հետո այդ աշխատանքները կարճ ժամանակում կվերսկսվեն, բայց դրանից այս կողմ դեռ բանակցությունները արդյունք չեն տալիս», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Արցախի ներքին գործերի նախարարության խոսնակ Հունան Թադևոսյանը։

Վերջին անգամ, Թադևոսյանի փոխանցմամբ, որոնողական աշխատանքներն իրականացվել են հոկտեմբերի 14-ին Հադրութի շրջանում։ Դրանից հետո Շուշիում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Ադրբեջանը հայկական կողմին էր փոխանցել մեկ, իսկ նոյեմբերի 2-ին՝ 11 աճյուն։

«Մենք դեռ ունենք հայտեր Արցախի հարավային շրջաններում, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ տարածքներում, հիմնականում Վարանդայի շրջանում, Ջրականի շրջանում դեռ կան անհետ կորածներ, որոնց որոնումները պետք է իրականացնենք։ Թույլտվությունը ստանալուց հետո այդ աշխատանքները կմեկնարկեն», - ասաց Թադևոսյանը։

Արցախի ներքին գործերի նախարարության խոսնակի փոխանցմամբ, առաջիկայում ձմռանը տեղումների պատճառով էլ ավելան կբարդանա որոնողական աշխատանքները. - «Լինի անձրև, լինի ձյուն, այդ աշխատանքը և' ֆիզիկապես, և' հոգեբանորեն բարդ աշխատանք է, բայց որոնողական խմբերը արդեն հարմարվել են այդ դժվարությունները հաղթահարելուն։ Միայն թե ձյան տեսքով տեղումներ չլինեն, դա իսկապես բարդացնում է ամբողջությամբ աշխատանքը»։

Արցախում ենթադրում են, որ ադրբեջանական կողմի մոտ աճյուններ կան, սակայն առայժմ փոխանցելու մասին որևէ տեղեկություն չկա։

Պաշտոնական վերջին տվյալներով, պատերազմի ավարտից մինչև օրս հայկական կողմին է փոխանցվել 1697 աճյուն։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնում են՝ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3791 անձ, իսկ պատերազմից մեկ տարի անց մինչև օրս 239 անձի ճակատագիր անհայտ է մնում, նրանցից 21-ը քաղաքացիական անձինք են։

Անհետ կորած անձանց գտնելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար շուրջ մեկ տարի, ամեն առավոտ արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենը բարձրանում է Շուշի, բանակցում ադրբեջանական կողմի հետ, փորձում պայմանավորվածություն ձեռք բերել։ Հույս ունեն, որ մեկամսյա դադարից հետո առաջիկա օրերին որոնողական աշխատանքները կվերսկսեն։

XS
SM
MD
LG