64-ամյա Ամալյա Ծառուկյանը երկրաշարժի ժամանակ իրեն սեփականության իրավունքով պատկանող տուն չի կորցրել, բայց փլվել է այն բնակարանը, որտեղ փաստացի ապրելիս է եղել։ Ստիպված 89-ին երկու դուստրերի հետ փայտից տնակ է հավաքել, հարմարվել ու ապրել են:
«Ինքնաշեն է, էս կողքինը դոմիկ է, էլի իմ ուժերովս եմ առել, կուխնյան փետերով է հավաքած, էս էլ է երկաթից դոմիկ», - ցույց տալով տեղանքը` «Ազատությանն» ասաց նա:
Աղջիկներին ու թոռներին մեկական տնակ է բաժին հանել, ինքն էլ, կատակում է, ֆրանսիական բազմոցին է քնում: Տղա թոռներից մեկը 23 տարեկան է, ամուսնանալ է ուզում, բայց տնակում նեղվածք է՝ ո՞ւր բերի հարսին, սրտնեղում է տատն ու տեղում լուծում գտնում՝ մի տնակ էլ իր համար գուցե գնի. «Մի հատ դոմիկ գնալու հնարավորություն սկի չունեմ, որ թոռս նշանվի, դնեմ մեջը, էլի դոմիկի մեջը, գնա, մնա: Էս երեխուն ես հո չեմ կարա պահեմ, 30-40 տարեկան եղնի, որ ինչ է` տուն չունիմ»:
Այնինչ թե կառավարությունը, թե հիմա Գյումրիի քաղաքապետի աթոռի համար ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերը ծրագրեր ունեն՝ ինչպես Գյումրին ազատել տնակներից ու ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքների բնակարանի հարցը լուծել:
Տիկին Ամալյան թեկնածուների ծրագրերին ծանոթ չէր: Ինքը բնակարանի խնդիրը լուծելու իր տարբերակն ունի. «Ես շատ սրտանց կուզենայի գումար ունենալ` մեր ուժերով, իմ թոռը շատ լավ ձեռք ունի` պատն էլ կշարե, սվաղն էլ կանե, գումար չունեինք, որ մենք մեր ձեռքով մեր դոմիկի պատերը շարենք, կռիշը կապենք, քեզի տուն, տարիների ընթացքում մի բան կանենք, կլինի սեփական տուն, գումար չունենք: Պետությունը եթե աջակցի գումարով, ես իմ ձեռքերով իմ տունը կկառուցեմ»:
Առաջիկա ընտրություններին մասնակցող տասը ուժերի մեծամասնությունը անօթևանության խնդրի լուծման տարբերակներից մեկը համարում է սոցիալական բնակարանների կառուցումը: Տիկին Ամալյան ասում է՝ եթե մեկ բնակարան տան 2 ընտանիքներին, ապա քիչ հավանական է, որ իրենք համաձայնեն այդ տարբերակին. «Եթե առանձին-առանձին տան, մեծ հաճույքով կգնամ, իսկ եթե պիտի նորից էստեղից հելնեմ, էրթամ, էլի 3 կամ 4 սենյականոց տան, ավելի լավ է` մնամ էստեղ, մի դոմիկ ավելացնել, դուռ բացեմ, մի հատ սենյակ ավելացնեմ: Ես սոցիալական այդ տները կարո՞ղ եմ ավելացնել, չէ»:
Ինչ վերաբերում է ցածր տոկոսով հիպոթեկային վարկով տուն կառուցելու տարբերակին, ապա մտածում են` նպաստով ու դաշտերում կարտոֆիլ քանդելով մի կերպ ապրող ընտանիքն ինչպես է այն փակելու: Մնում է թոռանը խոպան ուղարկի, որ վարկ մարի:
Տիկին Ամալյայի տնակն արդեն քայքայվել է, տարածքում էլ առնետներն են վխտում։ Այս պայմաններում ապրելն արդեն անհնար է համարում, ձմռանն անտանելի ցուրտ է, ամառը՝ շոգ: 2 տարի առաջ անօթևանների հաշվառման համար պահանջվող փաստաթղթերը ներկայացրել է քաղաքապետարան ու լուր չունի, բայց միևնույն է՝ հույսը չի կորցնում, որ մի օր բնականարան կունենա. «Ես էլ չունենամ, երեխեքս ինձնից հետո կունենան, կունենանք լավ, բարեխիղճ ղեկավար, տուն էլ կունենանք»:
Ու թեև քաղաքական ուժերի ծրագրերին ծանոթ չէ, բայց առաջիկա ընտրություններին անպայման մասնակցելու է:
33 տարի առաջ երկրաշարժի հետևանքով Գյումրիում ավելի քան 20 հազար բնակարան էր ավերվել։ Անցած երեք տասնամյակների ընթացքում կառուցվել են 22 հազարը: Ու չնայած շուրջ երկու հազարով ավելի է կառուցվել, սակայն 2018 թվականին ձևավորված հատուկ հանձնաժողովը միայն Գյումրիում մոտ 3000 ժամանակավոր կացարան է հաշվառել: Մոտ հարյուր հազար բնակչություն ունեցող քաղաքում մինչ օրս 96 տնակային ավան կա, դրանցում տարբեր հաշվարկներով մոտ 13 հազար մարդ է ապրում։