Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1121-ով, բուժվածներինը՝ 2191-ով, գրանցվել է մահվան ևս 62 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1121-ով՝ հասնելով 322 հազար 364-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 62 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2191-ով և հասել 285 հազար 57-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 9 հազար 152 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 192 հազար 270-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 6 հազար 762-ի, ևս 1342 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 29 հազար 203 մարդ։

Արցախում՝ 63 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 199 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել:

Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 164 վարակակիր, բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 81-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18 հազար 802 քաղաքացու հետազոտություն, որից 2 հազար 791-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG