Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջարկում է գլխավոր դատախազի ու նրա տեղակալների աշխատավարձը կրկնապատկել


Վարչապետ Նիկոլ Փաշինյան և գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան և գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Արդարադատության նախարարությունն առաջարկում է գլխավոր դատախազի ու նրա տեղակալների աշխատավարձը կրկնապատկել։ Որոշման նախագիծ է մշակել ու հանրային քննարկման ներկայացրել, որ գլխավոր դատախազը աշխատավարձի 95 տոկոսով, տեղակալները՝ մինչև 120 տոկոսով հավելավճար ստանան։ Գլխավոր դատախազի աշխատավարձը 992 հազար դրամ է, եթե որոշումը հավանության արժանանա, ապա շուրջ 2 միլիոն դրամ կստանա, իսկ տեղակալները՝ մոտ 1,5 միլիոն։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Կառավարության որոշման նախագծից զայրացած է՝ այդ ո՞ր բացահայտման համար են Դատախազության ղեկավար կազմի աշխատավարձն ուզում կրկնապատկել։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան, արխիվ
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան, արխիվ

«Ո՞վ չգիտի, որ Դատախազությունը կոռումպացված մի համակարգ է։ Ես կոնկրետ մարդկանց նկատի չունեմ, ուղղակի համակարգը կոռումպացված է, և նրանց աշխատանքի արդյունավետությունը ես նույնիսկ մինուս կգնահատեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանյանը։

Երեք օր է Արդարադատության նախարարության նախագիծը հանրային քննարկման է դրվել։ Այս նախագծով հավելավճար է սահմանվել առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների համար։ Այս պաշտոնները համարվել են ռիսկային, և աշխատավարձի չափով հավելավճար տալը հիմնավորվում է, որ կոռուպցիոն գործերի առնչվող դատախազները կարող են հայտնվել ճնշման տակ:

Ժաննա Ալեքսանյանը, որ երկար տարիներ զբաղվում է խաղաղ պայմաններում մահացած զինվորների քրեական գործերով ու ուղիղ առնչվում է Դատախազությանը, ասում է՝ այս գործերով ոչինչ չի փոխվել նաև Փաշինյանի իշխանության գալուց հետո։

«Մենք տեսնում ենք՝ ինչպես է Դատախազությունը աշխատում, ինչպես է ապօրինությունները հսկում, որ հանկարծ որևէ օրինականություն չմտնի կողքերից։ Բազմաթիվ քրեական գործերով, որ մենք զբաղվում ենք, մենք տեսել ենք՝ տեսել ենք, թե ինչպես ինքնասպանություն երկու կրակոցով իրենք չեն վերաորակում որպես սպանություն, բազմաթիվ այլ անհերքելի ապացույցներով», - նշեց իրավապաշտպանը։

Իրավապաշտպանը կողմ կլիներ իրավական համակարգի պաշտոնյաների աշխատավարձի բարձրացմանը, եթե նրանք իսկապես արդարադատություն հաստատեին։

Կառավարությունը շարքային քաղաքացու բազային կենսաթոշակը նախատեսում է 2100 դրամով բարձրացնել։ Արցախից տեղահանված ընտանիքները ծայրահեղ պայմաններում այստեղ-այնտեղ են գոյատևում, շեշտում է Ալեքսանյանը։ Անձամբ է այցելել այդ ընտանիքներին։

«Ինչո՞ւ թոշակառուի թոշակը չեք բարձրացնում, չի տեսնո՞ւմ վարչապետը։ Մենք մոտ 150 ընտանիք ենք այցելել՝ տեղահանվածներ, գերիների ընտանիքներ, կամ, ասենք, զինծառայողների ընտանիքներ, ես տեսել եմ՝ ինչ վիճակում են այդ մարդիկ։ Վարչապետը գերադասում է իր միջավայրը հարստացնել՝ պատգամավորներին, չգիտեմ, պարգևավճարներ, գրպանի փողեր․․․», - ասաց իրավապաշտպանը։

Այս նախագիծը կքննարկվի մինչև նոյեմբերի 16-ը, ապա՝ Կառավարությունում։ Ուժի մեջ կմտնի, եթե Կառավարությունն այն հավանության արժանանացնի։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG