Էկոնոմիկային նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նախագծի անհրաժեշտությունը կապում է պատգամավորների՝ իրենց ընտրողների հետ ավելի հաճախ և ավելի սերտ համագործակցելու անհրաժեշտությամբ։
Այս գումարը պատգամավորներին հատկացվում է աշխատավարձից առանձին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող կարգավորումն օրենքի ընդունման օրվանից հետո չի վերանայվել, մինչդեռ տարիների ընթացքում տեղի է ունեցել ծախսերի էական ավելացում։
Նախագծի համահեղինակ, իշխանական «Իմ քայլից» Վիկտոր Ենգիբարյանի խոսքով, իրենց պատգամավորական փորձը ցույց է տվել, որ տարբեր ծառայություններից օգտվելու համար հատկացվող գումարը բավարար չէ. - «Հիմնականում սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»։
«50 հազարի մեջ մենք չենք տեղավորվել», - ասում է իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ շարունակելով, թե պարտադիր չէ մարզ գնալ, Երևանում էլ շփումներ կան։ Օրինակ է բերում, թե սրճարան գնալիս մեկ անգամ էլ դու պետք է հաշիվը փակես։
Վիկտոր Ենգիբարյանն իրեն ուղղված հարցին, թե օրինակ մարզային այցի համար անձամբ իրեն որքա՞ն գումար չի բավականացրել, որքա՞ն լրացուցիչ գումար է ծախսել, պատասխանեց. - «Ես չէի ուզենա կենցաղային մակարդակի վրա բերել մեր խոսակցությունը։ Ես ի նկատի ունեմ, որ պատգամավորներին անհրաժեշտ է իրենց լիարժեք գործունեությունը ծավալելու համար պատշաճ նյութատեխնիկական հնարավորություններ, սպասարկում»։
Արդյո՞ք բոլոր պատգամավորներն են, որ մեկնում են մարզեր, արդյո՞ք պարգևավճարները բավարար չեն մարզեր մեկնող պատգամավորներին, և ինչու է օրենքը բոլորի համար, այդ թվում այն պատգամավորների, որոնք այդպես էլ օրինակ նախորդող տարիներին մարզեր չեն այցելել։ Այս հարցերը բարձրացրեց իշխանական խմբակցությունը լքած Սոֆյա Հովսեփյանը։
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքած պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ասաց, թե չի կարծում, որ մարզ չայցելող պատգամավոր կլինի, դա բարոյական պարտքն է. - «Առնվազը վաթսուն լիտր բենզինը ծախսում ես, երբ որ գնում ես Վայոց Ձորի գյուղերը, վերադառնում ես՝ մոտ 450-500 կիլոմետր։ Վաթսուն լիտրը եթե վերածենք դրամի, երեսուն հազար դրամ, գիշերակացի, հաց ուտելու համար ևս երեսուն հազար դրամ։ Այսինքը՝ մեկ այցի համար վաթսուն հազար դրամ է ծախսվում։ Չորս անգամ շաբաթ-կիրակի անպայման գնում ես, և երկու հարյուր քառասուն հազար դրամը ծախսվում է։ Էդտեղ հարցը զուտ միայն հավասարեցման, համահարթեցման հետ է կապված, դրա լուծումը կարող ենք գտնել։ Կամ ի վերջո ես չեմ պատկերացնում, որ կարող է գտնվել մի պատգամավոր, որ մարզ չպետք է այցելի։ Դա իր բարոյական պարտքը չկատարելու համար պատգամավորը, կարծում եմ, բոլորիս կողմից հարգանքի չի արժանանա»։
Սոֆյա Հովսեփյանն արձագանքեց. - «Հարգելի պարոն Բագրատյան, ձեզ լսելով հիմա հասարակությունը կկարծի, թե պատգամավորների կոշիկների կրունկները մաշվել են մարզերի ճանապարհին։ Իհարկե, բարոյական պարտք է միշտ գնալու, և ոչ թե այս գումարն ավելացնելուց հետո պիտի գնան։ Իհարկե, սա պետք է լիներ ամեն մեկի պարտավորությունը այս երկուս ու կես տարվա ընթացքում, և ես չեմ կարծում, որ այս գումարի բացակայության պատճառով էր, որ չէին գնում»։
Նախագծին կողմ քվեարկեցին միայն իշխանական պատգամավորները, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» արտահերթին չէր մասնակցում՝ հայտարարելով, որ այսօրվա արտահերթի օրակարգում ընդգրկված են մի շարք վիճահարույց նախագծեր, և որ ներկայիս խորհրդարանը չպետք է նոր օրենքներ ընդունի։
«Էս փուլում համարում եմ անբարոյական նախագիծ», - ասաց նախագծին դեմ քվեարկած միակ պատգամավորը՝ Նաիրա Զոհրաբյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամի կարծիքով, հիմա շատ ավելի կենսական հարցեր կան. հետպատերազմյան շրջանում բազմաթիվ խնդիրներ են առաջացել, 44-օրյա պատերազմի հետևանքով բազմաթիվ վիրավոր զինվորներ կան, որոնք բուժման կարիք ունեն։
Իսկ իր աշխատանքը կատարելու համար պատգամավորին, ըստ Զոհրաբյանի, հավելյալ գումար անհրաժեշտ չէ. - «Այս խորհրդարանը պիտի մերժի այս նախագիծը, որովհետև պատգամավորը պարտավոր է, դա պատգամավորի իմպերատիվ պարտականությունն է հանդիպել ընտրողների հետ, հանդիպել քաղաքացիների հետ, և դար համար պատգամավորները ստանում են աշխատավարձ։ Հիմնավորումը, որ պատգամավորների թիվը պակասելու է, և բյուջեի վրա դա լրացուցիչ ծախս չի լինելու, հրաշալի է, լավ է։ Եկեք էդ գումարները ուղղենք, մեր վիրավոր տղաներին կարողանանք տեղափոխենք եվրոպական առաջատար կլինիկաներ, էնտեղ նրանց բուժենք»։
Եթե նախագահը ստորագրի օրենքը, այն ուժի մեջ կմտնի հաջորդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի բացման օրվանից։