Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կշարունակի օժանդակել Հայաստանի կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգին, այսօր հայտարարել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը։
Նաթան Փորթերին այսօր ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշել է, որ պատրաստ են օժանդակելու մասնավորապես դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության լավարկման, հանրային-մասնավոր ներդրումների համակարգի և գործարար միջավայրի ուժեղացման, ենթակառուցվածքների բարելավման, կրթության ոլորտի ռազմավարության իրականացման, կառավարման թափանցիկության բարձրացման, թիրախային միջոցառումների և ծրագրերի մշակման, հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ:
ԱՄՀ-ի հետ գործընկերությունը և նպատակային ծրագրերը, հատկապես հետպատերազմյան շրջանում, նպաստեցին մակրոտնտեսական կայունության պահպանմանը Հայաստանում, իր հերթին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ Հայաստանը պատրաստ է քննարկել հետագա համատեղ անելիքները։