Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ուկրաինան Եվրահանձնաժողովի քարտեզում պատվաստումների ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների «սև գոտում են»


Չինաստանի Շանդոնգ նահանգի Նինգ Ձին քաղաքում քովիդի դեմ որևէ սահմաանակում այս պահին չի գործում, ոչ դիմակ են դնում, ոչ էլ հեռավորություն պահպանում։ Ավելի քան 400 հազար բնակիչների 80 տոկոսից ավելին արդեն պատվաստված է։

Նինգ Ձինում բնակվող Գրիգոր Բաղդասարյանն ասում է, որ ինքն ամեն օր է հետևում լուրերին, վերջին մի քանի ամսում վարակվածության որևէ դեպք չի գրանցվել իրենց քաղաքում. - «Էստեղ ամեն դեպքում ամբողջությամբ վերականգնվել է ամեն ինչ։ Քաղաքներ կան, ոնց որ իմ քաղաքն է, որտեղ դիմակ դնելը անգամ պարտադիր չէ։ Մինչև անցած ամիս հասարակական վայրերում և տրանսպորտում պարտադիր էր կրել դիմակ և երբեք չհանել»։

Իսրայելում պարտադիր է դարձել պատվաստանյութի երրորդ դեղաչափը

Իսրայելի շուրջ 9 միլիոն բնակիչների 70 տոկոսից ավելին արդեն պատվաստման երկրորդ դեղաչափն է ստացել, սակայն բաց տարածքում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվել է միայն ամիսներ առաջ։ Փակ տարածքում դրանք դեռ մնում են պարտադիր, ասում է երկրի կենտրոնական քաղաքներից մեկում բնակվող Արտյոմ Չեռնոմորյանը։ Չպատվաստվածները պարտավոր են երկու օրը մեկ թեստ հանձնել՝ նվազագույնը վճարելով 50 դոլար։ Երկրում, ուր պարտադիր է երրորդ դեղաչափը, չենթարկվողները կարող են կանգնել աշխատանքը կորցնելու վտանգի առաջ. - «Եթե մենք մինչև հոկտեմբերի 1-ը երրորդ պատվաստումը մեծամասամբ ստացած չլինենք, ապա ուղղակի գործատուն կանչում է քեզ ու ազատում է աշխատանքից։ Ասում է, որ ուրիշ տարբերակ չկա»։

Պատվաստումների ցուցանիշով Հայաստանը մի քանի անգամ զիջում է Իսրայելին ու Չինաստանին։ Վերջին տվյալներով, Հայաստանում երկրորդ դեղաչափը ստացածների ցուցանիշը դեռ 20 տոկոսի էլ չի հասել։ Փոխարենը գերազանցում է մահվան դեպքերով։

9 միլիոն բնակիչ ունեցող Իսրայելում համաճարակի բռնկման օրվանից մինչև այսօր քովիդից մահացել է 8023 մարդ, իսկ Հայաստանում, ուր մոտ երեք անգամ ավելի քիչ մարդ է ապրում, քովիդը մոտ 6 հազար մարդու կյանք է արդեն խլել։ Ընդհանուր առմամբ, մեկ միլիոն բնակչի թվով Հայաստանում մահացել է 1987, Իսրայելում՝ 861։ Չինաստանում, որտեղից և սկսվեց համաճարակը, պատվաստումների ու սահմանափակումների շնորհիվ այդ ցուցնաիշը հաջողվել է հասցնել ընդամենը 3-ի։

«Երբ իրավիճակը նոր բարդացել էր մեկ ու կես տարի առաջ, այդ ժամանակ մոտ վեց ամսով ամբողջությամբ փակ էր ամեն ինչ, և դրսում ոչ ոք չկար։ Երբ որ ես գնում էի խանութ, օրինակ, ամիսը մեկ, Չեռնոբիլի տպավորություն էր, որովհետև ամբողջ քաղաքում ընդամենը մեկ խանութ էր բաց, որը որ թույլատրել էր պետությունը, և ամեն օր էնտեղ իրենք դեզինֆեկցիա էին անում։ Երբ ես հարցնում էի՝ բա ո՞նց եք դուք դիմանում, ո՞նց եք դուք հարմարվում, արդյո՞ք նորմալ ա, որ դուք չեք աշխատում, եկամուտ չունեք, պետությունը ձեզ չի օգնում, բոլորը միահամուռ մի բան էին կրկնում, որ մենք բոլորս ենք էս խնդրի մեջ և մենք ամուր կերպով պիտի պայքարենք», - ասում է Գրիգոր Բաղդասարյանը։

Մահվան ու հիվանդացության նոր դեպքերի թվով Հայաստանը կարող է համեմատվել, օրինակ, հարևան Վրաստանի հետ, որտեղ այսօր 29 մահ է գրանցվել, մեկ օրում հիվանդացության նոր դեպքերն անցել են 4400-ից։

Վրաստանում խստացվում են սահմանափակումները

Թբիլիսիում սովորող Արեն Մելիքյանի խոսքով, իշխանությունները հետզհետե է'լ ավելի են խստացնում սահմանափակումները. հանրային սննդի կետերը այսուհետ փակվում են կեսգիշերից, գիշերային ակումբները չեն աշխատում, փակ տարածքներում ու տրանսպորտում դիմակները պարտադիր են բոլորի համար։

«Առանց պաշտպանիչ դիմակի Վրաստանում անհնար է օգտվել հանրային տրանսպորտից, ինչպես նաև թույլ չեն տալիս հանրային սննդի կենտրոններ և խանութներ մտնել։ Չնայած կարծես թե բավական ցածր տուգանքին՝ քսան լարի, մոտավորապես երեք հազար հայկական դրամ՝ մարդկանց մեծամասնությունը Թբիլիսիում հիմնականում հանրային վայրերում կրում է պաշտպանիչ դիմակները։ Հանրային տրանսպորտում վերահսկողությունն իրականացվում է Թբիլիսիի տրանսպորտային կազմակերպության աշխատակիցների կողմից։ Ուղևորը կարող է պարզապես իջեցվել փոխադրամիջոցից, եթե դիմակը պատշաճ չի կրում», - փոխանցեց Մելիքյանը։

Չնայած խստացվող սահմանափակումներին՝ վարակի տարածումը կանխել չի հաջողվում։ «Վրաստանը կանգնած է վարակի հինգերորդ ալիքի առաջ», - օրերս հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն՝ ընդգծելով, որ միայն պատվաստումը կարող է կանգնեցնել համավարակը:

Ի դեպ, պատվաստման ցածր ցուցանիշով Հայաստանը զիջում է ոչ միայն Վրաստանին, այլև տարածաշրջանի մյուս բոլոր երկրներին։ Եվրահանձնաժողովի քարտեզում, ուր դիտարկված են եվրոպական մոտ հիսուն երկրներ, միայն Հայաստանն ու Ուկրաինան են պատվաստումների ամենծացածր ցուցանիշն ունեցողների «սև գոտում»։

XS
SM
MD
LG