Սուրբ Աթոռը կշարունակի ջանքերը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և հայ ռազմագերիների վերադարձման հարցի հանգուցալուծման ուղղությամբ, Երևանում հյուրընկալվելով վարչապետի մոտ` հավաստիացրել է Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հռոմի Պապի՝ Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակմանն ուղղված կոչերի և այս ուղղությամբ քայլերը շարունակելու պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ միջազգային աջակցությունը կարևոր է հարցի լուծման համար:
Էդգար Պենյա Պառան և Նիկոլ Փաշինյանն անդրադարձել են նաև Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին, հաղորդում է կառավարությունը:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է տարածաշրջանում խաղաղ դարաշրջան բացելու օրակարգը, միաժամանակ կարևորել շահագրգիռ բոլոր կողմերի հանձնառությունն այդ գործընթացին:
Հիշեցնենք, Երևանում երեկ պաշտոնապես բացվել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությունը: Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարը այդ առիթով է Հայաստանում: Նրան այս երկու օրերի ընթացքում ընդունել են արտգործնախարարը, Ամենայն Հայոց կաթողիկոսը: