Մատչելիության հղումներ

Աֆղանստանի հարևան երկրները քննարկում են գործողությունների համակարգման հնարավորությունը


Իրան - Աֆղանստանի հարևան երկրների ներկայացուցիչների հանդիպումը Թեհրանում, 27-ը հոկտեմբերի, 2021թ․
Իրան - Աֆղանստանի հարևան երկրների ներկայացուցիչների հանդիպումը Թեհրանում, 27-ը հոկտեմբերի, 2021թ․

Աֆղանստանին սահմանակից երկրների ներկայացուցիչները հանդիպել են Թեհրանում՝ քննարկելու, թե ինչպես համակարգել գործողությունները ի պատասխան պատերազմից տուժած երկրում իշխանության փոփոխության։

Երեկ տեղի ունեցած համաժողովին մասնակցել են Աֆղանստանին և Ռուսաստանին սահմանակից վեց երկրների արտաքին գործերի նախարարները։

Չինաստանի արտգործնախարար Վանգ Ին իր տեսաելույթում առաջարկել է օգտագործել ՄԱԿ-ը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը՝ «Թալիբան»-ի կառավարության հետ համագործակցելու համար: Չինաստանի արտգործնախարարը պնդել է, որ թալիբների կառավարությունը նույնպես պետք է հեռու պահի իրեն ահաբեկչական կազմակերպություններից և մասնակցի դրանց դեմ պայքարին։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն էլ հայտարարել է, որ թալիբների կառավարությունը պատասխանատվություն է կրում հարևան պետությունների հետ իր սահմանների երկայնքով անվտանգության ապահովման համար: Աբդոլահիանը կոչ է արել Աֆղանստանում ունենալ ներառական կառավարություն, նախկինում այսպիսի առաջարկով հանդես էր եկել նաև Տաջիկստանը:

Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոժիդին Մուխրիդինը երեկ ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ չէ ճանաչել «ուժով իշխանության եկած» Աֆղանստանի կառավարությունը։ Մուխրիդինը նաև մտահոգություն է հայտնել, որ ահաբեկիչները հավաքվում են Աֆղանստանի հյուսիսում՝ Տաջիկստանի հետ սահմանի մոտ։

XS
SM
MD
LG