Թուրքիայի նախագահն ադրբեջանցի պաշտոնակցի հետ քննարկել է նաև Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը։ Ռեջեփ Էրդողանն այս մասին հայտարարել է Ադրբեջանից վերադարձի ճանապարհին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի առաջնորդը մասնավորապես ասել է, որ Ադրբեջանի նախագահը վճռական դիրքորոշում է դրսևորում և այդ հարցում զիջումների չի գնում։
«Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենք Իսրայելի հարցում որևէ փոփոխություն չունեն, և հավելել է, որ Ադրբեջանը կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի հետ առևտրի շրջանակներում։ Նա նշել է նաև, որ Ադրբեջանն Իսրայելի հետ ունի նույն հարաբերությունները, ինչպիսին մյուս երկրների հետ, և այդպես կլինի նաև հետագայում», - Իլհամ Ալիևի խոսքերն է փոխանցել Ռեջեփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ «եթե Իրանը ողջախոհություն դրսևորի, ապա Իրանի և Ադրբեջանի միջև որևէ խնդիր չի առաջանա»։
Էրդողանը երեկ Ալիևի հետ մասնակցում էր Ֆիզուլիի նորակառույց օդանավակայանի բացման արարողությանը։