Մատչելիության հղումներ

Ըստ հնդիկ ուսանողների՝ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտորը կաշառք է պահանջում դիպլոմի դիմաց


«Ռեկտորը կաշառք է պահանջում ավարտական դիպլոմի դիմաց», - մի քանի տասնյակ հնդիկ ուսանողներ պնդում են՝ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտորը դիպլոմները չի տալիս, մինչև հավելյալ չվճարեն:

Կումար Սանդիփը տեսանյութ էլ ունի՝ բողոքող ուսանողներից ռեկտոր Լարիսա Համբարձումյանը հազար դոլար է պահանջում:

Օրեր առաջ այստեղ կրքերն այնքան են շիկացել, որ կողմերը հաղորդում են ներկայացրել ոստիկանություն՝ Կումարը՝ թե ռեկտորի որդին հարվածել է իրեն, ռեկտորի որդին էլ՝ թե Կումարը վնասել է իր մեքենան: Կումարը ոստիկանություն նաև տեսանյութն է փոխանցել, իրավապահներին պատմել, որ հնդիկ ուսանողներից շատերն արդեն Հայաստանից բժշկի դիպլոմով հեռացել են, որովհետև ռեկտորի պահանջած գումարը տվել են:

Կումարին բուհ չթողնելու համար համալսարանի դռների մոտ հիմա անվտանգության աշխատակից է կանգնել: Ոստիկանությունից տեղեկացանք՝ այս գործով նյութեր են նախապատրաստվում:

Բուհի ռեկտոր Լարիսա Համբարձումյանի որդին՝ Տիգրան Բաղրամյանը հեռախոսով համաձայնեց պարզաբանել խնդիրը՝ նախ, ինքը ոչ մեկին չի հարվածել:

«Ես ոչ մեկի մատով չեմ կպել, եկել սկսել են հարվածել, ավտոն ջարդել, ես ուղղակի քշել եմ, գնացել եմ, էդքան բան», - ասաց Տիգրան Բաղրամյանը:

Մայրը ուսանողներից կաշառք չի պահանջել, այն, ինչ պահանջել է՝ 1000 դոլարը, կաշառք չէ. - «Մենք ասացինք՝ գոնե սիմվոլիկ 1000 դոլարի չափով գումար հաշվեհամարին փոխանցեք, որ ձեզ գոնե սիմվոլիկ վճար լինի»:

Ըստ բուհի ռեկտորի որդու՝ հարյուրավոր ուսանողներ առանց դիպլոմի են մնացել մի քանի պատճառով՝ նախ նրանց խաբել է հնդիկ գործակալը, ուսման տարեկան վարձը՝ երեք հազար դոլար՝ վերցրել է ուսանողներից ու բուհին չի փոխանցել, հենց նույն գործակալի միջոցով կեղծ դիպլոմներ են ստեղծվել։ Տիգրան Բաղրամյանը պնդում է՝ իրենք ստուգում են քննաթերթիկները, ուսանողի հաճախելիությունը ու պարզում, որ դիպլոմով եկածն ուսանող չի էլ եղել:

«Իրանք, որ հիմա էս բարձրաձայնում են, հիմնականում ուզում են ճնշում գործադրել, որ մենք օրենքից դուրս իրանց դիպլոմ տանք, բայց մենք չենք տա: Ըստ օրենքի, իրենք խնդիրներ ունեն, որ չպիտի ստանան»:

Կրիմինալ եք ու ֆեյք՝ լսել են ուսանողները ռեկտորից, հաճախ այս տեքստն ուղեկցվել է իրենց դիպլոմը՝ արդեն պարզ չէ՝ կեղծ թե իրական, պատռելու գործընթացով: Ուսանողներից շատերն իրենց այդ փաստաթղթի լուսանկարն ունեն, բայց ինքը չկա:

«Ինչպե՞ս է դիպլոմս ֆեյք, ով է կնքել, ստորագրել այն», - ասաց ուսանողներից մեկը:

Սահու Կումարը ավարտական հավելված էլ ունի՝ դասերին ինչպես է հաճախել, քննական արդյունքները՝ վստահ է՝ հազար դոլարը տա՝ դիպլոմը կստանա ու տուն կգնա:

Ուսանողներից Սահիլ Խանտիան ցույց է տալիս իր ժամանակավոր կացության քարտը՝ մի շաբաթ առաջ պետք է հեռացած լիներ Հայաստանից, բայց չի կարող գնալ: Մեկ ամսից որակավորման քննության ենք Հնդկաստանում՝ հուսահատվում է Սյուբամ Քարփը. - «Մենք դիպլոմի համար ենք էստեղ, 4 ամսի առաջ պիտի ավարտած լինեինք, դիպլոմին ու հավելվածին ենք սպասում»:

«Ես տարեկան երեք հազար դոլարը վճարել եմ, դասերին եկել եմ՝ ինչո՞ւ եմ ֆեյք ու կրիմինալ», - հարցնում է Սվեիդ Կարիապարամբիլը:

«Գիտեմ, որ որոշ ուսանողներ դիպլոմ են ստանում առանց էստեղ գալու, հավանաբար որոշ գործակալների միջոցով, նրանք են կեղտոտ գործ անում, մենք չենք անում, բայց մենք ենք ընկնում պատմության մեջ», - ընդգծեց ուսանողը:

Այժմ ուսանողները դիմել են Հայաստանում Հնդկաստանի դեսպանություն, որպեսզի ինչ-որ կերպ այս պատմությունը հանգուցալուծվի ու իրենք կարողանան հեռանալ դիպլոմով, եթե իհարկե ուսանող են եղել:

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը քրեական լրահոսում առաջին անգամ չէ, որ հայտնվում է՝ 4 տարի առաջ էլ ռեկտոր Համբարձումյանը մեղադրյալ էր՝ քանի որ բժշկի դիպլոմներ էր բաժանել դասերի չհաճախած մարդկանց, գործն ավարտվեց 300 հազար դրամի տուգանքով:

Հնդիկ ուսանողները պատմում են, որ կրթության որակն էլ այն չէ՝ ընդամենը 4 լսարան ունեն՝ հարյուրավոր բժիշկ դառնալ ցանկացողների համար: Այս համալսարանը նաև քոլեջ ունի՝ այս տարի լավ է՝ ասում է այստեղ սովորող Կիմա Բալայանը. «Այս տարի, այո, անցյալ տարի դասախոսների բացակայություն ունեինք. գումարը չէին վճարում, չէին գալիս քոլեջ»:

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը լիցենզիա է ստացել կրթական գերատեսչությունից, իսկ ո՞վ է վերահսկում այստեղ կրթական որակը կամ լիցենզիայից բխող պայմանների առկայությունը, ըստ լիցենզավորման գործակալության պետի, ոչ ոք:

«Բուհական համակարգի վերահսկողությունը տեսչական մարմնի գործառույթներից դուրս է մնացել, հիմա հարցը քննարկվել է և օրենսդրական փոփոխություններ կլինեն և կարծում եմ, որ առաջիկայում նաև այս մասով լուծումներ կտրվեն», - ընդգծեց ԿԳՄՍՆ լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Արշակյանը:

Բժիշկ պատրաստող բուհը լիցենզիան ստանալուց հետո՝ տասնամյակներով որևէ կերպ չի վերահսկվել՝ նույնիսկ աղմկոտ քրեական պատմություններից հետո։ Երեք տարի առաջ էլ նմանատիպ սկանդալ պայթեց՝ Իսրայելում 40 արաբ բժիշկներ ձերբակալվեցին՝ նրանք սովորել էին հայկական մասնավոր բժշկական բուհերում, այդ թվում՝ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում։ Իսրայելը այդ ժամանակ հայկական բժշկական կրթությունն անվստահելի որակեց։

Այսօր շուրջ 600 հնդիկ ուսանող է սովորում Երևանի պետական բժշկական համալսարանում, օտարերկրացիների ուսուցման դեկան Գայանե Ավետիսյանի կարծիքով՝ նմանատիպ պատմությունները վտանգում են երկրի հեղինակությունը՝ որպես բժշկական կրթություն արտահանողի:

«Նման բաները կազդեն մեր երկրի որակի, մեր երկրի անունի վրա, քանի մենք արտահանող երկիր ենք: Նման խնդիրներն ընդհանրապես չեզոքացնում են կամ ոչնչացնում են մեր երկիրը որպես բժշկական կրթություն արտահանող երկիր», - ասաց Ավետիսյանը:

Գայանե Ավետիսյանը շեշտում է՝ իսրայելցի ուսանողների պատմությունը իրենց բուհի հետ կապ չուներ, բայց հետևանք եղավ այն, որ այսօր բուհը, որ սովորող ունի 34 երկրից, ոչ մի ուսանող չունի Իսրայելից։

XS
SM
MD
LG