Մատչելիության հղումներ

Հնդիկ ուսանողը պնդում է, թե Մխիթար Գոշ համալսարանում ապօրինություն է տեղի ունեցել


Անցած տարի ուսանելու նպատակով Հայաստան ժամանած Աբիշեկ Քարտիկը պնդում է, թե Մխիթար Գոշ հայ-ռուսական համալսարանում ապօրինություն է տեղի ունեցել․ իրենից և իր նման 70 հնդիկ երիտասարդներից տեղափոխության, կացարանի և ուսման վարձի համար ավելի քան 4000 դոլար են վերցրել, սակայն իրենց մասնագիտությամբ դիպլոմ չեն ստանալու:

«Հնդկաստանում գործող ընկերությունը, որը համագործակցում է այս համալսարանի հետ, կեղծ գովազդներ է պատրաստում: Մենք եկել ենք այստեղ և հիմա չգիտենք «Բուժական գործ» ծրագիրը ընդհանրապես լիցենզիա ունի թե ոչ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Աբիշեկի խոսքով, այդ ընկերության գովազդներում Մխիթար Գոշ համալսարանը այլ կերպ էր նկարագրված՝ Հանրապետության հրապարակի լուսանկարներ են եղել: Ընկերության աշխատակիցները, որոնց որպես գործակալներ է ներկայացնում, իրենց ասել են, որ համալսարանի տված դիպլոմով կարող են աշխատանքի անցնել իրենց հայրենիքում: Սակայն Մխիթար Գոշ հայ-ռուսական համալսարանը «Բուժական գործ» մասնագիտությամբ պետական դիպլոմ տալ չի կարող:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնից «Ազատությանը» հայտնեցին, որ բուհը հավատարմագրում չի ստացել․ - «Մխիթար Գոշի հավատարմագրման ժամկետը լրացել ա: Նախկինում երկու տարով պայմանական հավատարմագրում ա ստացել, որի ժամկետը լրացել ա»:

Բուհը երկու տարի ժամկետով պայմանական հավատարմագիր է ստացել 2015-ին, և հիմա, ըստ Կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի աշխատակցի, ցանկություն ունի նորից ստանալ։

Կրթության և գիտության նախարարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանը «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց, որ առանց հավատարմագրման, պետական դիպլոմ բուհը չի կարող տալ շրջանավարտին․ - «Համալսարանը շատ մասնագիտություններ ունի, առանձին շատ մասնագիտություններ ունի, որոնք լիցենզավորված և հավատարմագրված են, իսկ «Բուժական գործը» որպես առանձին մասնագիտություն հավատարմագրված չի պետության կողմից»:

22-ամյա Աբիշեկը պնդում է, որ այս ընթացքում համալսարանից փաստաթղթեր է պահանջել լիցենզավորման և հավատարմագրման հարցը պարզելու համար, սակայն հրաժարվել են տրամադրել․ - «Ինչ էլ խնդրել ենք, չեն տվել: Նույնիսկ համալսարանի բանկային հաշիվն ենք խնդրել, չեն տալիս, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք կհավաստեն, որ այստեղ ենք սովորում: Ինչ թուղթ էլ տալիս են, հայերեն է, չենք հասկանում»:

Մինչդեռ համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Հայկ Թերզյանը պնդում է, որ հնդիկները սուտ են խոսում․ - «Հնդիկների համար կազմակերպել ենք բոլոր գործառույթները, որպեսզի ստանան միջազգային կրթական չափանիշներին համապատասխան կրթություն, այդ թվում՝ ստոմատոլոգիա և այլ մասնագիտություններով»:

Դոկտոր պրոֆեսորը հնդիկ ուսանողների այս հարցում ակտիվությունը այսպես է մեկնաբանում․ - «Դավեր են պատրաստում, որպեսզի այստեղից ուսանողներ փախցնեն, տանեն այլ բուհ»:

Համալսարանի կառավարման խորհրդի նախագահի խոսքով, հնդկական կազմակերպությունը հոգացել է բոլոր ծախսերը և, ըստ պայմանագրի, գումարի մի մասն էլ փոխանցել իրենց հաշվին ուսումնական պրոցեսը կազմակերպելու համար:

Նա ի դեպ, պնդեց, թե չի հիշում՝ որքան է ուսման վարձը:

Լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանի կարծիքով, ուսանողները ի վերջո առանց դիպլոմ չեն մնա, քանի որ բուհը մինչև նրանց ուսումնառության ավարտը կհավատարմագրվի։

Իսկ Աբիշեկը պնդում է, որ իրենց խաբել են, արդեն գրավոր դիմել է նախագահին և վարչապետին, գումարն է պահանջում, ինչից հետո պատրաստվում է հեռանալ Հայաստանից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG