Իսրայելը նախօրեին հարվածել է Եմենում Իրանի համախոհ հութիների թիրախներին, այդ թվում՝ Սանայի միջազգային օդանավակայանին, հաղորդում է Reuters-ը։
Հութիների կողմից վերահսկվող Saba լրատվական գործակալությունը հայտնել է, որ երեք մարդ զոհվել է օդանավակայանին հարվածների հետևանքով, երեք մարդ էլ՝ Հոդեյդայում, իսկ վիրավորների թիվը հասնում է 40-ի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտնել է, որ ինքը Սանայի օդանավակայանում է եղել և պատրաստվում էր օդանավ բարձրանալ, երբ սկսվել է ռմբակոծությունը։ Նա ասել է, որ ինքնաթիռում գտնվող անձնակազմի մեկ անդամ վիրավորվել է, իսկ օդանավակայանում երկու մարդ է զոհվել, կառավարման աշտարակը, մեկնման սրահը, թռիչքուղին վնասվել են։
BBC-ն նշում է, որ Գեբրեյեսուսը չի տուժել, նա և ԱՀԿ-ի ու ՄԱԿ-ի իր գործընկերներն ապահով վայրում են, բայց չեն կարողանա լքել Եմենը, քանի դեռ օդանավակայանը չի վերականգնվել։
Իսրայելը հայտարարել է, որ հարվածել է Սանայում գտնվող օդանավակայանին, երկու էլեկտրակայանների և երեք նավահանգիստների։ BBC-ն նկատում է՝ Իսրայելի հրամանատարությունը սրանք կոչում է «ռազմական ենթակառուցվածքներ», որոնք պատկանում են հութիներին»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լրագրողների հետ զրույցում նախազգուշացրել է՝ Եմենում հութիների դեմ արշավը «նոր է սկսվում»։