Բելառուսում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա դը Բույան դը Լաքոստը լքել է երկիրը, կիրակի օրը հայտարարել է ֆրանսիական դիվանագիտական առաքելությունը՝ չբացատրելով, թե ինչու է Բելառուսի արտգործնախարարությունը պահանջել դեսպանի հեռանալը:
Ինչպես հայտնում են բելառուսական լրատվամիջոցները, կոնֆլիկտը տեղի է ունեցել այն պատճառով, որ դը Լաքոստը չի մասնակցել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հավատարմագրերի հանձնման արարողությանը:
«Բելառուսի ԱԳՆ-ը դեսպանին խնդրեց հեռանալ մինչև հոկտեմբերի 18-ը», - հայտարարել է դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունը: «Նա հրաժեշտ տվեց դեսպանատան աշխատակիցներին և տեսաուղերձ փոխանցեց բելառուսցի ժողովրդին, որը վաղը [երկուշաբթի օրը] կհայտնվի դեսպանատան կայքում», - ասված է հաղորդագրությունում:
Հոկտեմբերի սկզբին դը Լակոստը հանդես էր եկել Բելառուսում մահապատժի վերացման օգտին:
Ֆրանսիան, ինչպես Եվրամիության մյուս երկրները, չի ճանաչել անցած տարվա օգոստոսին Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները: Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մի շարք պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի դեմ՝ կառավարության կողմից զանգվածային բողոքի ակցիաների ճնշումից հետո:
Մարտին Բելառուսը վտարեց Լատվիայի դեսպանատան ողջ անձնակազմին, այդ թվում դեսպանին՝ հոկեյի առաջնությունում Լատվիայի իշխանությունների կողմից Բելառուսի ընդդիմության դրոշի օգտագործման պատճառով: Օգոստոսին Մինսկը հետ վերցրեց ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆիշերի նշանակման համաձայնությունը: Նրա թեկնածությունը հաստատվել էր դեկտեմբերին, և Ֆիշերը պետք է դառնար Բելառուսում ԱՄՆ առաջին դեսպանը 2008 թվականից ի վեր: