ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները:
Ինչպես Ֆեյսբուքում գրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին է ներկայացրել իր պահանջները և պատասխանել մյուս կողմի հակափաստարկներին:
Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարել է, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում:
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 14-19-ը նիստեր է նշանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարությունների շրջանակներում՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ երկու երկրների հակընդդեմ հայցերով։
Հոկտեմբերի 14-15-ի լսումները վերաբերում էին Հայաստանի ներկայացրած՝ միջանկյալ միջոցների կիրառման պահանջին, իսկ հոկտեմբերի 18-19-ը կայանալիք լսումները վերաբերելու են Ադրբեջանի ներկայացրած նմանատիպ պահանջին: