Մատչելիության հղումներ

Ալավերդիում շենքի տանիքի հիմնանորոգումը բնակիչների կյանքը տակնուվրա է արել


Ալավերդիում շենքերից մեկի տանիքի հիմնանորոգման ընթացքում լցված անձրևաջրերը բնակիչների կյանքը տակնուվրա են արել. արդեն երկու շաբաթ է՝ փորձում են բնակարաններն ազատել անձրևաջրերից ու վերացնել մինչև առաջին հարկի պատերի մեջ մտած խոնավությունը։

Հինգհարկանի շենքի վերջին հարկի 9 բնակարաններն ապրելու համար անպիտան են դարձել։ Ընտանիքներից ոմանք ստիպված տեղափոխվել են այլ տներ, որոշ բնակարաններ տարիներ առաջ կողպված են, հայտնի չէ, թե դրանք ինչպիսի վնաս են կրել։

Երկու շաբաթ առաջ համայնքային բյուջեի և բնակիչների համաֆինանսավորմամբ սկսվել էր տանիքի վերանորոգման աշխատանքը։ Համայնքապետարանի հայտարարած մրցույթում շահած «Շին» ընկերությունը հանել էր շենքի ամբողջ տանիքը, գրեթե մեկ շաբաթ շենքը բաց պահել անձրևի տակ, ինչի հետևանքով բնակարանները շարքից դուրս են եկել։ Արդեն նոր, մետաղյա տանիքը պատրաստ է, բայց շենքի նույնիսկ ներքևի հարկերում պատերը թաց են, խոնավության հոտն ամենուր է։

Հատկապես շենքի եզրային հատվածների բնարականատերերը վստահ են, որ ամիսներ, անգամ տարիներ պետք կլինեն բնակարանից խոնավության ազդեցությունը վերացնելու համար։ Նույնիսկ վերջին օրերի արևային եղանակները չեն նպաստել, որ բնակարանները նախկին տեսքին գան։

Չորրորդ հարկի բնակիչ Աղուն Մելիքյանը սարսափով է հիշում՝ ինչպես էր երկու օր ու գիշեր ջուրն անարգել հասնում իրենց բնակարան. - «Անձրևը սկսվեց՝ արդեն մեր տանն էր անձրևը: Նրանց պարկետը անմիջապես բարձրացավ՝ էդ պարկետների արանքով անմիջապես մեր տուն»:

Մինչև երեկ բնակիչներն ասում էին, որ իրենցով հետաքրքրվողներ, վնասները հաշվարկողներ չեն եղել։ «Ազատության» ռեպորտաժից էին տեղեկացել, որ Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը սլաքներն ուղղում է մրցույթում շահած կազմակերպության ուղղությամբ, թե շինարարը պետք է ռիսկերը գնահատեր, չի արել։

Համայնքապետն «Ազատությանն» ասել էր՝ իրենք այստեղ անելիք չունեն. - «Դա իր գործողություններից բխող հետևանք է, դա համայնքապետարանի գործողություններից բխող հետևանք չի: Պատվիրատուն պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար»:

Բնակիչները, մինչդեռ, շեշտում են. - «Քաղաքապետն ասում ա՝ իմ իրավասության մեջ չի մտնում: Մենք իրե՛ն ենք դիմել, իմ դիմումը ի՛նքն ա մակագրել, մենք իրե՛ն ենք վստահել, մենք էդ մարդկանց ո՞րտեղից էինք ճանաչում: Նենց մարդ կընտրեր, որ ապահով լիներ ինքը»:

Երեկ «Ազատության» նկարահանումից հետո շենք են այցելել Լոռու մարզպետը, Ալավերդու համայնքապետն ու «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Բնակիչներն ասացին՝ խոստացել են՝ կզբաղվեն իրենց խնդրով. շինարարին կատարած աշխատանքի դիմաց չեն վճարի, մինչև հիմնովին չվերացնի շինարարության հետևանքով առաջացած վնասները կամ համապատասխանաբար չփոխհատուցի բնակիչներին։ Այս պատասխանից բնակիչները գոհ են, բայց կասկածներ ունեն, թե շինարարը բարեխիղճ կլինի այս հարցում։

Ավելի վաղ ընկերության ղեկավարն «Ազատությանն» ասել էր, թե վնասի դեպքում փոխհատուցման մասին որևէ նշում չկա համայնքապետարանի հետ կնքված պայմանագրում, ուստի բարի կամքով կարող են ընդամենը որոշակի շինանյութ տալ բնակիչներին՝ իրենց տունը սեփական ուժերով կարգի բերելու համար։

Բնակիչները, մինչդեռ, համաձայն չեն.

«Շպակլյովկով ու լատեքսով հարց ա՞ լուծվում: Բա պա՞րկետս, բա պատա՞լոկը [առաստաղը]՝ արդեն կռիշը [տանիքը] էրևում ա, լրիվ փուլ ա էկել», - ասաց նրանցից մեկը:

«Ես համաձայն չեմ: Մեր տունը սարքած էր, վերանորոգած էր, ամեն ինչը լավ էր: Հմի որ ինձ բերեց էրկու մեշոկ շպակլի կամ մի բան տվեց, մենք ի՞նչ պետք ա անենք՝ լրիվ պատերը խոնավացած, լրիվ քարուքանդ էլած: Եթե ես մեր տունը ուզենամ սարքեմ, ես մի հատ պետք ա ուստա բռնեմ, համ շինանյութ առնեմ, համ էդ պարկետը նենց վիճակի ա, որ ես էս իրեք սենյականոց պարկետը ո՞նց կարամ կամ քանդեմ, կամ սարքեմ, դա իմ ուժերից վեր ա», - ընդգծեց մեկ այլ կին:

Պաշտոնյաների այցից առաջ բնակիչներն ասում էին՝ դատարան կդիմեն խնդրին իրավական լուծում տալու համար, այսօր արդեն ասում են՝ մի քիչ էլ կհամբերեն՝ շինարարից վերջնական պատասխան ստանալու հույսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG