Մատչելիության հղումներ

«Հոնքը շինելու փոխարեն, աչքը հանեցին». տանիքները վերանորոգելիս ալավերդցիների տները մեծ վնաս են կրել


Հոնքը շինելու փոխարեն աչքը հանեցին, ասում են Ալավերդու Սարահարթ թաղամասի շենքերից մեկի բնակիչներն ու պատմում՝ ինչպես վճարեցին իրենց տունը բառիս բուն իմաստով քանդելու համար։

«Մենք փողը տվեցինք, մեր փողով եկան մեր տունը քանդեցին, պրծան», - ասաց բնակիչներից մեկը։

Դեռ ամիսներ առաջ համայնքապետարանից եկել են, քաղաքի 10 շենքերի բնակիչներին ուրախացրել, թե սուբվենցիոն ծրագրերի ու բնապահպանական վճարների հաշվին հիմնանորոգելու են իրենց տանիքները։ Հորդորել են մասնակցել ծրագրին գումարի տասը տոկոսի չափով։ Հինգհարկանի շենքերի բնակիչները համաձայնել են։ Յուրաքանչյուր ընտանիք 30 հազարական դրամ է վճարել։ Դրամահավաքին մասնակցել են անգամ դռները փակած ու արտերկիր մեկնած բնակիչները, որ բնակարաններն ավելի հուսալի դառնան։ Ու ծրագիրը շահած երկու կազմակերպություններ սկսել են աշխատանքը։ Դրանցից մեկից դժգոհություններ չկան, ասում են՝ հաշվի առնելով անձրևային եղանակները, տանիքները մաս-մաս են հանում, վերանորոգում ու անցնում առաջ։ Մինչդեռ «Շին» ընկերության դեպքում շենքերից մեկի բնակիչները հորդառատ անձևրաջրերի տակ են հայտնվել։ Առանց հաշվի առնելու սպասվող անդադար անձրևները՝ շինարարները բացել են ամբողջ շենքի տանիքն ու մի քանի օր շարունակ բնակարանները բաց պահել անձրևի տակ։ Անբնակ դարձած տների տերերն անելանելի վիճակում են, չգիտեն ում դիմել։

Ալավերդու համայնքապետը Սլաքներն ուղղում է մրցույթում շահած կազմակերպության ուղղությամբ

Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանն «Ազատությանն» ասաց՝ իրենք այստեղ անելիք չունեն։ Սլաքներն ուղղեց մրցույթում շահած կազմակերպության ուղղությամբ, թե շինարարը պետք է ռիսկերը գնահատեր, չի արել։

«Դա իր գործողություններից բխող հետևանք է, համայնքապետարանի գործողություններից բխող հետևանք չի։ Պատվիրատուն պատասխանատվությունէ գործում իր գործողությունների համար», - ասաց Խեչումյանը։

Շինարարական ընկերության ղեկավար Արմեն Ստեփանյանը պատրաստ է քննարկել անելիքները, բայց ասում է՝ վնասի դեպքում փոխհատուցելն իրենց պարտավորությունների մեջ նշված չի եղել։

Վնասը վերացնելու համար բնակիչներին շինանյութ կտրամադրեն, բայց ոչ ավելին։ Անձրև էր, բնական երևույթ, ասում է, բնության հետ, ըստ շինարարական կազմակերպության ղեկավարի, պայման չես կապի։ «Քանդեցինք, անձրևները սկսեցին գալ, հիմա մենք բնության դեմ ի՞նչ կարող ենք անել», - ասաց Ստեփանյանը։

Մինչդեռ բնակիչները զարմանում են, հիդրոօթերևութաբանները դեռ աշխատանքներն սկսելուց մեկ շաբաթ առաջ կանխատեսել էին, սպասվող անդադար անձրևների մասին ծանուցել, բայց դա չէր ստիպել շինարարներին զգուշորեն հանել տանիքն ու արագ կազմակերպել նորի տեղադրումը։

Բնակիչները չեն հերքում, տարիներ շարունակ իրենց տանիքից անձրևաջրերը ներս են հոսել, դրանից շատ են տուժել, բայց երբեք այսքան չեն քայքայվել իրենց բնակարաններն ու անբնակ չեն դարձել։ Ասում են՝ եթե իրենց տները նախկին տեսքին չբերեն, կդիմեն դատարան՝ օրենքի ուժով վնասի հատուցում պարտադրելու համար։

Տեսանյութն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG