Մատչելիության հղումներ

Բեյրութի իրադարձություններում տուժած հայեր չկան. «Ազդակ» թերթի լրագրող


Բեյրութում զինվորականներն այսօր պարեկություն են անում` կանխելու հետագա բախումները։ Փողոցներում զինված զինվորականեր են, զրահամեքենաներ, ջարդված մարդատար մեքենաներ, որոնց վրա նաև կրակոցների հետքեր կան։

Այդ ամենը հիշեցնում է քաղաքացիական պատերազմի վատ տարիները, երեկվա իրադարձություններից հետո ասում են բեյրութցիները: Երեկ տեղի ունեցած բռնությունների զոհերի թիվն աճել է` հասնելով յոթի, ծանր վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում, շուրջ երեք տասնյակ վիրավորներ կան։

Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի լրագրող Վահրամ Էմիյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հայ համայնքից տուժածներ չկան։ Անվտանգության առումով իրավիճակն այսօր ընդհանուր առմամբ հանգիստ է, ոստիկանությունը 9 կասկածյալ է ձերբակալել, բայց ներքաղաքական լարվածությունն է մեծ:

Բռնությունները սկսվեցին երեկվա ցույցի ժամանակ, երբ Իրանի աջակցությունը վայլեող «Հզբոլա» շարժումը և շիա մահմեդականների ևս մի կազմակերպություն` «Ամալը» բողոքի ցույց էին կազմակերպել Բեյրութի նավահանգստի անցած տարվա պայթյունը քննող գլխավոր դատավոր Թարեք Բիտարի դեմ՝ պահանջելով նրա պաշտոնանկությունը։

Ցուցարարների վրա դեռևս անհայտ մարդկանց կողմից կրակ է բացվել, այդ թվում` շենքերի տանիքներից կրակել են դիպուկահարները։ Ցուցարարներին օգնության են շտապել «Հզոբլայի» զինված անդամները։

Բռնությունները տեղի են ունեցել Բեյրութի քրիստոնեական ու մահմեդական թաղամասերի միջև ընկած հատվածում, և սա մտահոգություններ է առաջացնում, որ առանց այդ էլ տնտեսական ճգնաժամի մեջ ընկած Լիբանանը, որտեղ նաև շատ զենք կա կուտակված, կարող է ընկնել մի նոր ներքին հակամարտության մեջ։

Վահրամ Էմիյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ 1975 թվականին քաղաքացիական պատերազմը սկսվել էր հենց այն շրջանից, որտեղ երեկ կրակոցներ արձակվեցին:

Ռազմականացված «Հզբոլան» բռնություների մեջ մեղադրում է «Լիբանանյան ուժեր» քրիստոնեական կուսակցությանը, վերջինս հերքում է մեղադրանքները, դատապարտում բռնությունները, որոնք ծագեցին դատավորի դեմ «Հզբոլայի» հրահրած գործողությունների հետևանքով։

Շարժումը դատավոր Թարեք Բիտարին մեղադրում է` պնդելով, թե նա քաղաքականացնում է նավահանգստի պայթյունի գործը (պայթյունի հետևանքով ավելի քան 200 մարդ էր մահացել), անփութության, անվտանգության կանոնները խախտելու կասկածանքով հարցաքննության է հրավիրում «Հզբոլային» մոտ կանգնած շիա մահմեդականներին։

Լիբանանի սունի մահմեդական վարչապետ Նաջիբ Միկատին «Ռոյերթսի» հարցազրույցում ասել է, թե հնարավոր է` դատավորը գերազանցել է լիազորությունները բարձրաստիճան որոշ պաշտոնյաների նկատմամբ։

Լիբանանի դատավորների ընկերակցությունը մերժել է Թարեք Բիտարիին պաշտոնանկ անելու կոչերը, պաշտպանել է դատական համակարգը` այն համարելով «պետության գաղափարի վերջին բաստիոնը»։

Անցյալ տարի նավահանգստի պահեստում տեղի ունեցած քիմիական նյութերի պայթյունի գործի քննությունը կաթվածահարել է Լիբանանի կառավարության գործունեությունը։

Շատ լիբանանցիներ, այդ թվում` զոհերի հարազատներ, կասկածում են, որ իշխանությունները կփորձեն կոծկել հերթական աղմկահարույց գործը։ Chatham House-ի Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի ծրագրերի տնօրեն Լինա Խաթիբն ասել է, թե Լիբանանի կառավարող վերնախավը երեկվա անկայունությունը կօգտագործի ցույց տալու, որ հետաքննությունը ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ։

Վահրամ Էմիյանը մտահոգիչ է համարում, որ այսօրվա լարվածությունը կարող է վերածվել համայնքային հակամարտության։ Նա ընդգծեց, որ փոխզիջումն այլընտրանք չունի, չնայած դրան հասնելը դժվարին կլինի՝ կողմերն այս պահին անզիջում են, գումարած, որ գալիք տարվա գարնանը Լիբանանում խորհրդարանական ընտրություններ են, ու նախընտրական մթնոլորտի շունչը այս իրադարձություների ֆոնին արդեն զգացվում է։

XS
SM
MD
LG