Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1765-ով՝ հասնելով 278 հազար 431-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 38 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 881-ով և հասել 252 հազար 211-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 15 հազար 616 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 855 հազար 238-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 713-ի, ևս 1232 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 19 հազար 275 մարդ։
Արցախում՝ 10 նոր դեպք
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք է գրանցվել, այդ թվում՝ երեխա: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 58 վարակակիր, որից 8-ը՝ Մարտակերտի շրջանային բուժմիավորումում: Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 27-ինը՝ ծանր:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14 հազար 226 քաղաքացու հետազոտություն, որից 1317-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։