Մատչելիության հղումներ

Պուտինի խոսքով` իր և Բայդենի միջև հաստատվել են «կայուն աշխատանքային հարաբերություններ»


ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը, Ժնև, 16 հունիսի, 2021թ.
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը, Ժնև, 16 հունիսի, 2021թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի փոխանցմամբ, իր և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև հաստատվել են «կայուն աշխատանքային հարաբերություններ»: Այդ մասին Պուտինն այսօր ասել է Մոսկվայում տեղի ունեցած «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» հանրային քննարկումների ընթացքում:

Պուտինը նշել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել ցանկացած նախագահի հետ, որին կընտրի Ամերիկայի ժողովուրդը, և նախագահներին գնահատական չի տալիս: Այդպես Պուտինն արձագանքել է նախագահ Դոնալդ Թրամփի մասին հարցին:

CNBC հեռուստակայանի լրագրող Հեդլի Գեմբլն, ով վարել է քննարկումները, Պուտինից հարցրել է, թե «եթե ԱՄՆ նախագահ ընտրվի Թրամփը՝ արդյո՞ք դա լավ շրջան կլինի էներգետիկ շուկայի համար»:

«Դա ինձ չի վերաբերում, ես չեմ ուզում գնահատականներ տալ, ես ավելի վաղ էլ ասել եմ՝ նախքան ամերիկյան ընտրությունները, նախքան Թրամփի ընտրությունը և հետո էլ վերջին ընտրություններից առաջ, որ մենք կաշխատենք ցանկացած նախագահի հետ, մենք գնահատական չենք տալիս»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը:

Պուտինի համոզմամբ, Մոսկվայի և Վաշինգտոնի հիմնարար շահերը երկու երկրներին կստիպեն բարելավել հարաբերություններն, իսկ ամերիկյան վերնախավը կհասկանա առճակատման վնասն ու կհրաժարվի սեփական շահերին վնաս հասցնող այդ գործելակերպից:

«Ես ելնում եմ այն հանգամամքից, որ անվտանգությունը, հարձակողական սպառազինությունների կրճատումը, պայքարն ահաբեկչության դեմ, պայքարը փողերի լվացման և հարկային «դրախտների» դեմ, էներգետիկ շուկաների կայունությունը՝ դրանք են հիմնարար շահերը, որոնք մեր երկրներին կստիպեն բարելավել կապերը»,- ասել է Պուտինը:

Նա խոսել է նաև էներգակիրների գնաճի մասին, ասելով, թե «գազի գինը երկինք է հասել, իսկ նավթային շուկայում վիճակ է, որից հենց ամերիկացիներն են տուժում»:

«Արդյունքը ոչ թե զրոյական է, այլ բացասական նրանց համար, ովքեր այդ ամենն անում են, հուսամ, որ, ի վերջո կգա այդօրինակ քաղաքականության անիմաստության գիտակցումը, բանականությունը կհաղթի, և մենք կկարողանանք աստիճանաբար վերականգնել մեր հարաբերությունները»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

XS
SM
MD
LG