Մատչելիության հղումներ

Ալավերդու և շրջակա գյուղերի զարգացման 6 այլընտրանքային ծրագիր է մշակվել


Տասնամյակներ շարունակ հանքարդյունաբերության վրա հիմնված Ալավերդիում համայնքն ու շրջակա գյուղերը զարգացնելու այլընտրանքային նախագծեր կան։ Երկօրյա համաժողովին հավաքվել էին փորձագետներ, գործարարներ, ներդրողներ, իշխանության ներկայացուցիչներ ու բնակիչներ։ Արդյունքում նախագծեցին 6 ծրագիր, որոնք վերաբերում էին հիմնականում ագրոտուրիզմին, գյուղատնտեսական ապրանքների և խոտաբույսերի վերամշակմանը, ինչպես նաև թեթև արդյունաբերությանը։

Այլընտրանքային զարգացման առաջին համաժողովի կազմակերպիչ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանը համոզված է, որ ստեղծված ծրագրերը, որոնք արդեն իսկ հետաքրքրել են միջազգային ներդրող կազմակերպություններին, առաջիկայում կյանքի կկոչվեն՝ օգնելով ալավերդցիներին հասնելու իրենց տնտեսական անկախությանը։

«Օգնենք ստեղծելու նոր գաղափարներ, որպեսզի ներկայացնենք դոնորական համայնքներին, որպեսզի մարդիկ այստեղ փոքր՝ թե՛ անհատական և թե՛ սոցիալական ձեռնարկատիրություն ստեղծեն։ Մենք պետք է քայլ առ քայլ դրան հասնենք, բայց ամենամեծ խոչընդոտը, որը մենք ունենք տարածաշրջանում, դա ոչ միայն այլընտրանքային զարգացման հնարավորություններն են, այլ նաև այլընտրանքային մտածողությունն է։ Այսինքն՝ նաև պետք է էդ ուղղությամբ մարդկանց հնարավորություն տալ՝ սկսեն մտածեն և իմանան այն հնարավորությունների մասին, որոնք առկա են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դուրգարյանը։

Համաժողովին օժանդակել է Հայաստանում Չեխիայի դեսպանատունը, որի աջակցությամբ շուրջ մեկ տարի առաջ Ալավերդի, Ախթալա և Շնող համայնքներում նաև էկոլոգիական ուսումնասիրություն էր իրականացվել ու պարզվել էր, որ հողի, սննդի և մարդկանց մազերի ու արյան մեջ ծանր մետաղների անթույլատրելի քանակություն կա, որը վնասակար է նրանց առողջության համար։

Ալավերդիում կազմակերպված երկօրյա համաժողովին մասնակցում էր նաև փոխդեսպան Յան Պլեշինգերը։ Նա շեշտեց, որ Ալավերդու տարածաշրջանում շատ են էկոլոգիական ու զարգացման խնդիրները, պղնձաձուլարանի փակվելուց հետո մեծ թվով գործազուրկներ կան։ Բայց կան նաև զարգացման հնարավորություններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ առնված պատմական հուշարձաններ, որոնք թույլ կտան զարգացնել անգամ առողջարանային տուրիզմը, ու նաև կան տարածքներ, որոնք էկոլոգիապես շատ չեն տուժել, ու կարելի է գյուղատնտեսությունը զարգացնել, ընդգծեց Յան Պլեշինգերը։

«Մենք աջակցում ենք մարդու իրավունքներին վերաբերող նախագծերին։ Մարդու հիմնարար իրավունքներից մեկն էլ նորմալ, որակյալ, մաքուր միջավայրում ապրելու և այդ միջավայրում անհրաժեշտ գործով՝ գյուղատնտեսությամբ ու այլ աշխատանքով զբաղվելու իրավունքն է», - ասաց Չեխիայի փոխդեսպանը։

Դիվանագետն օրինակ բերեց, որ տասնամյակներ առաջ՝ խորհրդային տարիներին, Չեխիայի տնտեսությունը ևս հիմնված էր ծանր արդյունաբերության վրա։ «Միևնույն է՝ մեզ մոտ այսօր գործազրկությունն ամենացածր մակարդակի վրա է Եվրամիության պետությունների շարքում», - ավելացրեց Չեխիայի փոխդեսպանը։

Այլընտրանքային զարգացման համաժողովի կազմակերպիչները կարևորում են հատկապես սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը, երբ աշխատատեղերում ներգրավվում են առավելապես հատուկ կարիքներ ունեցող մարդիկ, և արտադրության արդյունքում գոյացած շահույթի 50 տոկոսից ավելին ծախսվում է համայնքների խնդիրների լուծման վրա։ Միջազգային մի շարք դոնոր կազմակերպություններ շահագրգռված են նմանատիպ ծրագրերի ֆինանսավորմամբ։

«Ինձ հետ» սոցիալական ձեռնարկությունը Երևանում արտադրում է կտորե պայուսակներ, որոնք փոխարինում են պոլիէթիլենային տոպրակներին։ Պայուսակները կարում են կանայք, որոնք առողջական խնդիրներ ունեցող երեխաների մայրեր են։ Ձեռնարկության ներկայացուցիչ Հռիփսիմե Քոչարյանն ասաց․ - «Ինձ հետ» սոցիալական ձեռնարկատիրությունն ուզում է ընդլայնվի, Լոռու մարզում անպայման ուզում ենք մեր ներդրումն ունենալ, դրա համար «Ինձ հետ» սոցիալական ձեռնարկատիրությունը նաև ունենալու է իր մի կետը նաև Ալավերդիում <…> Այս տարի, հուսանք, կկարողանանք ստեղծել»։

Համաժողովի ընթացքում ստեղծվեց այընտրանքային զարգացման աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվեցին փորձագետներ ու բնակիչներ։ Աշխատանքային խումբը կշարունակի ընդունել բիզնես գաղափարներ և կօգնի նախաձեռնողներին գաղափարներն իրագործելու համար գտնել ներդրող կազմակերպություններ։

XS
SM
MD
LG