Գերմանիայում կիրակի կայացած ընտրություններում հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Ստանալով ընտրողների ձայների 25,7 տոկոսը՝ նրանք ավելի քան 1.5 տոկոսով առաջ են անցել Քրիստոնեա-դեմոկրատների միությունից, որը ռեկորդային ցածր արդյունք է գրանցել՝ 24,1 տոկոս։
Երկու ուժերն էլ ակնկալում են կոալիցիա կազմել ու կառավարություն ձևավորել խորհրդարան անցած Կանաչների (գրեթե 15 տոկոս) և Ազատ դեմոկրատների (11,5 տոկոս) հետ։
Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ, կանցլերի թեկնածու Օլաֆ Շոլցն այսօր ասել է, որ ընտրողները հստակ արտահայտվել են՝ կոալիցա պետք է կազմեն սոցիալ-դեմոկրատները, «կանաչներն» ու ազատ դեմոկրատները։ Նրա խոսքով՝ ընտրողները Անգելա Մերկելի պահպանողական ուժին նաև ասել են, որ 16-ամյա իշխանությունից հետո ընդդիմադիր ճամբար տեղափոխվելու ժամանակն է։
Բայց քրիստոնյա-դեմոկրատների նոր առաջնորդ Արմին Լաշետն ասել է, թե հնարավորը կանեն կոալիցիա կազմելու և պահպանողականների գլխավորությամբ կառավարություն ձևավորելու համար։
67-ամյա Անգելա Մերկելն այս ընտրություններին չէր մասնակցում, դեռ երկու տարի առաջ նա ասել էր, որ այլևս չի պայքարի կանցլերի պաշտոնի համար։