Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 462-ով՝ հասնելով 259007-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 13 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 565-ով և հասել 240 հազար 305-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 183 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 693 հազար 823-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 264-ի, ևս 1203 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 12 հազար 235 մարդ։