«Ազատության» հետ զրույցում՝ միջոցառման կազմակերպիչ «Դոմինո փրոդաքշընի» տնօրենը միայն ասաց, որ տեխնիկական աշխատանքներն ապահովել են Ֆրանսիայից, Ռուսաստանից, Գերմանիայից հրավիրված մասնագետները։
«Ակնառու է, որ բավականին մեծ գումար է ներդրվել այս համերգը կազմակերպելու համար», - կարծում է ռեժիսոր, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։ - «Որովհետև նման միջոցառում, նման շքեղություն... դա մեծ գումարի հետ է կապված։ Ընդհանրապես պետությունը ժամանակ առ ժամանակ մեծ գումարներ դնում է որոշակի միջոցառումների համար։ Բայց շատ կարևոր է, թե այդ գումարները որտեղ են գնում։ Այդ գումարները գնում են իսկապե՞ս իրական արժեքները պահելու և զարգացնելու, թե՞ պարզապես մեկ օրվա ակցիաներ իրագործելու։ Արվեստը և մշակույթը իրականում նման ակցիաների հետ կապ չունի»։
Անկախության 30-ամյակի միջոցառմանը միայն վարչապետի մուտքի համար կազմակերպիչները հատուկ երաժշտություն էին պատվիրվել։ Հեղինակը կոմպոզիտոր Վահագն Վարդանյանն է։ Նա ասաց, թե իրեն վարձատրություն չեն առաջարկել, եթե անգամ վճարեին, չէր վերցնի գումարը։
Թե ինչու, չմանրամասնեց. - «Նվագախմբին անհրաժեշտ էր մի պարբերաբար կրկնվող մի բան, որ, անկախ նրանից, թե ինչքան տևական լինի վարչապետի մուտքը, նրանք երաժշտություն ունենան դրա տակից նվագելու համար», - ասաց կոմպոզիտորը։
Ըստ կառավարության, պետական բյուջեից երեկվա համերգի համար միջոցներ չեն հատկացվել։ Անհրաժեշտ գումարը, գործադիրի փոխանցմամբ, «Դոմինո փրոդաքշն»-ը մասնավոր հովանավորներից է ստացել։
Սակայն համերգից հետո էլ չեն բացահայտվում, թե որ կազմակերպություններ են հոգացել շքեղ ծրագրի ծախսերը։
Փորձագետները սրանում կոռուպցիոն ռիսկեր են տեսնում՝ չբացառելով, որ համերգը հովանավորած բիզնեսները հետագայում կարող են արտոնություններ ստանալ.
«Դատելու համար, թե ինչքանով են պատրաստ եղել մարդիկ կամ կազմակերպությունները իրենց գրպանից փող դնել առանց որևէ ակնկալիքի՝ պարզապես, որպեսզի տոն պարգևեն մեր հանրությանը, մի քիչ կասկածում եմ, քանի որ իմ կյանքը արվեստի ասպարեզում ցույց է տալիս, որ մինչև բարեգործից կարողանում ես մի դրամ պոկել, հոգիդ դուրս է գալիս», - ասաց Ռուբեն Բաբայանը։
«Ազատությունը» փորձեց քաղաքացիներից տեղեկանալ՝ արդյո՞ք համերգին եղել են հրապարակում կամ հետևե՞լ են դրան, արդյո՞ք համերգի համար ծախսած գումարը կարող էր առավել նպատակային օգտագործվել։ Շատերը խոստովանեցին, որ անգամ չէին հետևել երեկվա տոնի գլխավոր միջոցառմանը, շատերին ծրագիրը դուր էր եկել։