Մատչելիության հղումներ

Ռուսաստանում մեկնարկում են Պետդումայի ընտրությունները


Ռուսաստան - Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության քարոզչական վահանակը ավտոմայրուղու վրա, 16-ը սեպտեմբերի, 2021թ․
Ռուսաստան - Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության քարոզչական վահանակը ավտոմայրուղու վրա, 16-ը սեպտեմբերի, 2021թ․

Այսօր Ռուսաստանում մեկնարկում են Պետդումայի ընտրությունները։ Համավարակի պատճառով դրանք կանցկացվեն երեք օր՝ սեպտեմբերի 17-19-ը։

Բոլոր հարցումները և կանխատեսումները վկայում են՝ անակնկալներ չեն լինի, և իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը նորից մեծամասնություն կստանա խորհրդարանում։ Սակայն նույն այդ հարցումները վկայում են նաև, որ դժվար թե իշխող կուսակցությունը նոր Դումայում ունենա սահմանադրական մեծամասնություն։

Ընտրություններում 20 տոկոսից ավելի քվեներ ստանալու լուրջ շանսեր ունի Կոմունիստական կուսակցությունը։

Կրեմլի կոշտ քննադատ, անազատության մեջ գտնվող Ալեքսեյ Նավալնիի թիմակիցներն այս ընտրություններին չեն մասնակցում, բայց ռուսաստանցիներին կոչ են անում գնալ այդուամենայնիվ քվեարկության և ընտրել այն թեկնածուին, ում առաջարկում է Նավալնիի մշակած «խելացի քվեարկությունը»՝ մեծամասամբ կոմունիստներին։

Ռազմավարությունը պարզ է․ Նավալնին ասում է, թե այս պահին կարևոր է թուլացնել «Եդինայա Ռոսիա»-ին և ձայն տալ այն թեկնածուին, ով այս կամ այն ընտրատեղամասում իշխող կուսակցության թեկնածուին հաղթելու շանսեր ունի։

Պետդումայի ընտրություններին մասնակցում է 14 կուսակցություն, խորհրդարան անցնելու շանս ունեն միայն 5-ը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Եվրոպան հնարավոր է չճանաչի ռուսաստանյան ընտրությունների արդյունքները։ Չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանն ընդունեց Եվրահանձնաժողովին և Եվրոպական խորհրդին ուղղված՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ առաջարկությունները։ Հատուկ զեկույցը պարունակում է կոշտ հռետորաբանություն ընդդեմ Ռուսաստանի իշխանությունների, կոչ է անում խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ և հնարավոր է համարում Պետդումայի ընտրությունների օրինականությունը մերժելը։

Փաստաթուղթն ունի առաջարկող բնույթ՝ Եվրամիության գործադիր կառույցները պարտավոր չեն առաջնորդվել դրանով, և սովորաբար ԵՄ-ն ավելի մեղմ դիրքորոշում է որդեգրում։

Զեկույցում, այդուամենայնիվ, նշված է, որ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի չճանաչել Պետդումայի առաջիկա ընտրությունները որպես օրինական և բացառել Ռուսաստանի անդամակցությունը միջազգային խորհրդարանական վեհաժողովներին, եթե ընտրություններն անցկացվեն ժողովրդավարական սկզբունքների խախտումով և ճանաչվեն կեղծված։

Փաստաթուղթը պարունակում է նաև կոչ՝ դատապարտել 2024 թվականի մայիսի 7-ից հետո Վլադիմիր Պուտինի՝ նախագահի պաշտոնում մնալու փորձերը։ 2024-ին լրանում է Պուտինի ներկայիս պաշտոնավարման ժամկետը։

«Ռուսաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցի էությունը կարող է միայն ափսոսանք առաջացնել», - երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, թե այնտեղ խոսք չկա Ռուսաստանի հետ երկխոսության հաստատման անհրաժեշտության մասին։

Պաշտոնական Մոսկվան վերջին շրջանում նաև պարբերաբար հայտարարում է, որ Արևմուտքը փորձում է միջամտել Ռուսաստանի ընտրություններին։

XS
SM
MD
LG