Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ` 2021-ին Հայաստանում տնտեսական աճը կգերազանցի 3 տոկոսը


«2020 թվականը Հայաստանը փակում է 8 տոկոս տնտեսական անկմամբ», - պնդում են Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետները։ Նախօրեին ֆինանսական այս ազդեցիկ կառույցի հրապարակած «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» կոչվող ծավալուն զեկույցից, սակայն, պարզ է դառնում, որ 2021 թվականին հայաստանյան տնտեսությունը վերականգնման որոշակի շանսեր ունի։ ՀԲ վերլուծաբանների կանխատեսմամբ` նոր մեկնարկած տարում Հայաստանի տնտեսությունը կարող է աճել շուրջ 3,1 տոկոսով։

Ի դեպ, ըստ ՀԲ հրապարակած տվյալների, 2020-ին տնտեսական անկման ծավալներով Հայաստանը Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների առաջատարներից մեկն էր։ 2020 թվականին Հայաստանից վատ տնտեսության վիճակը եղել է միայն Չեռնոգորիայում, Խորվաթիայում, Կոսովոյում և Ղրղըզստանում։

Ինչ վերաբերում է Հայաստանի անմիջական հարևաններին, ապա Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, նախորդ տարի տնտեսության անկումը Վրաստանում 6, իսկ Ադրբեջանում՝ 5 տոկոս է կազմել։ Այս տարի արդեն, ըստ բանկի փորձագետների, վրացական տնտեսությունը կարող է շուրջ 4 տոկոսի աճ ապահովել։

Վերջին տարիներին տնտեսական աճի աննշան տեմպեր ապահովող Ադրբեջանում այդ միտումը կպահպանվի նաև 2021-ին։Համաշխարհային բանկի կանխատեսմամբ, Ադրբեջանի տնտեսության աճը այս տարի չի գերազանցի 2 տոկոսը։

Բանկի մասնագետների գնահատմամբ՝ Հարավային Կովկասում նախորդ տարի արձանագրված կտրուկ անկման գլխավոր պատճառները երկուսն էին՝ կորոնավիրուսի համաճարակն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած պատերազմը։ Ընդհանրապես, ՀԲ մասնագետների համոզմամբ, քաղաքական անկայունությունը դարձել է Արևելյան Եվրոպայում տնտեսական կյանքի բնականոն զարգացումը վտանգող գլխավոր ռիսկերից մեկը։

«Աշխարհքաղաքական լարվածության խորացումը Եվրոպայի երկրներում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում տնտեսական աճին խոչընդոտող գործոններից մեկը կարող է դառնալ», - նշում են զեկույցի հեղինակները՝ ընդգծելով, որ նմանատիպ լարվածության դրսևորումների թվին կարելի է դասել հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի հնարավոր տապալումը, Բելառուսում քաղաքական լարվածության աճը կամ Ուկրաինայում իրադրության սրումը։ Այս ամենը, ըստ Համաշխարհային բանկի մասնագետների, կարող է հանգեցնել «հավելյալ պատժամիջոցների, ինչն իր հերթին հնարավոր է զգալի լարվածություն ստեղծի ֆինանսական շուկաներում»։

Չնայած դրան,Համաշխարհային բանկի մասնագետներն իրենց զեկույցում որոշակի զգուշավոր լավատեսության տեղ, այնուամենայնիվ, թողնում են՝ մասնավորաբար Հարավկովկասյան տարածաշրջանի պահով։

«Համավարակի և կոնֆլիկտի հարուցած ցնցումների թուլացմանը զուգահեռ, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի, գործարարների և սպառողների վստահության վերականգնման ֆոնին Հարավային Կովկասում տնտեսական աճը 2021 թվականին կանխատեսվում է 2,5 տոկոսի սահմաններում», - պնդում են ՀԲ մասնագետները։

Նրանց համոզմամբ՝ «ակնկալվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին հայտարարությունը կնպաստի տարածաշրջանում աշխարհքաղաքական լարվածության նվազմանը»։

Խոսելով Ադրբեջանում տիրող կացության մասին, ՀԲ վերլուծաբանները այստեղ ևս տնտեսական ակտիվության որոշակի աճ են կանխատեսում՝ գրելով․ - «Ադրբեջանական տնտեսությունը կշահի նավթի գների կայունացման և վերականգնողական աշխատանքների ընթացքում ակնկալվող ներդրումների շնորհիվ»։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին սահմանակից երկրներին, ապա 2020 թվականին տարածաշրջանի միակ երկիրը, որը տարին կփակի տնտեսական աճով, Թուրքիան է։ «Այդ աճը մոտ կես տոկոս կկազմի», - կանխատեսում են զեկույցի հեղինակները։

Համեմատության համար սակայն՝ Ռուսաստանում տնտեսության անկումը անցած տարի 4 տոկոս է կազմել, իսկ Իրանում 3,7 տոկոսի շրջանակներում է կանխատեսվում:

Այս տարի, ըստ բանկի մասնագետների, ռուսական տնտեսությունը կաճի ընդամենը 2,5, իրանականը՝ 1,5 տոկոսով։ Թուրքիայում տնտեսական աճի ծավալները, ըստ ՀԲ զեկույցի, կարող են գերազանցել 4 տոկոսը։

Զեկույցի հեղինակները նաև միջնաժամկետ կանխատեսումներով եվ հանդես գալիս՝ նշելով, որ նախնական գնահատականների համաձայն՝ 2022 թվականին տնտեսական աճի ծավալները Հայաստանում և Ադրբեջանում կարող են հասնել 4,5, իսկ Վրաստանում՝ 6 տոկոսի։ Նույն ժամանակահատվածում Ռուսաստանում տնտեսական աճի ցուցանիշը, ըստ ՀԲ-ի, չի գերազանցի 3 տոկոսի ցուցանիշը։

XS
SM
MD
LG