Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կասեցրել է կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի հաստատման գործընթացը՝ այս տարի ավելի վաղ Ռուսաստանում իրականացված տեսչության ժամանակ հայտնաբերած մի շարք արտադրական խախտումների պատճառով, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ԱՀԿ պաշտոնյան։
Ամերիկյան աշխարհամասում ԱՀԿ գրասենյակի փոխտնօրենի օգնական Խարբաս Բարբոսան կարծիք է հայտնել, որ պատվաստանյութն արտադրող ձեռնարկություններից մեկում նոր տեսչական ստուգումներ կպահանջվեն մինչև հրատապ օգտագործման համար դեղամիջոցի հաստատումը։
Հիշյալ գործարանը, ըստ ԱՀԿ-ի, պետք է ի գիտություն ընդունի դիտողությունները, կատարի անհրաժեշտ փոփոխություններ և պատրաստվի նոր տեսչական այցին։
Հունիսին հրապարակած զեկույցում ԱՀԿ-ը հայտնել էր, որ բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել Ուֆայում Ռուսաստանի դեղագործական ընկերության՝ «Ֆարմստանդարտ»-ի գործարանում, որն ավելի ուշ վստահեցրել է, թե վերացրել է դրանք։
Ռուսաստանը Sputnik V-ի հաստատման համար ԱՀԿ-ին և Դեղերի եվրոպական գործակալությանն է դիմել այս տարվա փետրվարին։
Պատվաստանյութն արդեն իսկ օգտագործվում է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում։