Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցեց Արմավիրում գտնվող Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղ՝ քննարկելու խաղողի մթերման խնդիրները։
Վարչապետը նկատեց՝ կարևորագույն հարցը մթերման գինն է, որն իրենց ուշադրության կենտրոնում էր դեռ մինչև խաղողագործների կողմից բողոքի ակցիաներ կազմակերպելն ու ճանապարհ փակելը։
«Դա կարևորագույն խնդիր է՝ անկախ բողոքի ակցիաներից», ֊ լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետը։ ֊ «Մինչև բողոքի ակցիաները և՛ փոխվարչապետը, և՛ նախարարը մթերողների հետ կապի մեջ են եղել»։
Խաղողի մթերման սեզոնը այս տարի սկսվեց բողոքի ակցիաներով։ Արմավիրի խաղողագործները փակեցին ճանապարհն ու պահանջեցին ոչ թե կիլոգրամը 140, այլ 160֊180 դրամով մթերել իրենց ողջ տարվա չարչարանքի արդյունքը։ Ոգելից խմիչքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները հրաժարվեցին նման գին սահմանել, պնդելով՝ այդ դեպքում վնասներ կկրեն: Փոխարենը՝ Երևանի կոնյանի գործարանը ավելացրեց մթերման ծավալները։
Բարձր գնին որպես այլընտրանք խաղողագործները առաջարկում էին նաև, որ կառավարությունը 30-40 դրամի սուբսիդիա տրամադրի։ Այսօր վարչապետն արձագանքեց այս առաջարկին. ֊ «Մեր ամբողջ միտքը պետք է ուղղված լինի մեր գյուղացու և գյուղատնտեսության մրցունակությունը բարձրացնելուն, ոչ թե գնանք այն ճանապարհով, որ մեր մրցունակությունը կիջեցնի։ Որևէ հարց չկա, որ քննարկելի չէ, բայց ցանկացած հարց պետք է լուծենք էֆեկտիվության բարձրացման հրամայականը լուծելու շրջանակում»։
Խաղողագործների դժգությունն այս տարի հարուցել էր նաև այն փաստը, որ իրենց հետ կնքած պայմանագիում Երևանի կոնյակի գործարանը գին չէր նշել և բուն գործընթացը սկսելուց մի քանի օր առաջ էր միայն հայտարարել 140 դրամով մթերում կազմակերպելու մասին։ Ընկերության խորհրդի նախագահ Արա Գևորգյանն ի պատասխան «Ազատության» այս դիտրակման ասաց՝ հաջորդ տարվանից լիովին այլ կերպ են աշխատելու. ֊ «Արտադրողների հետ պայմանավորվել ենք։ Ընդունում ենք՝ այդտեղ հարց կա։ Հաջորդ տարվանից՝ ապրիլի 1֊ից և՛ գինը, և՛ քանակը պայմանագրի մեջ կֆիքսվի»։
Եթե կոնյանի սպիրտ ստանալու համար նախատեսված խաղողը շատ է, ապա որակյալ գինու պատրաստման հարցում այսօր դեֆիցիտ կա՝ նկատեց Փաշինյանը։ Արարատյան դաշտում աճող խաղողի տեսակներից մեկը ավելի քան 400 դրամով է մթերվում։ Ստացվում է՝ ճիշտ պլանավորման կարիք կա, որ ոչ թե գյուղացին հայտնվի խնդրողի դերում, այլ հենց մթերողը՝ ասաց վարչապետը. ֊ «Այսինքն, մենք քառակուսի մետր հողի օգտագործման արդյունավետությունը պետք է բարձրացնենք և կառավարությունը պետք է այստեղ և՛ խորհրդատվական, և՛ որոշակի գործիքներով աջակցություն ցուցաբերի»։
Վարչապետն այսօր մեկ հարց էլ բարձրացրեց, ասաց՝ ահազանգեր կան, որ որոշ գործարաններ իրականում խաղող չմթերելով թվեր են ցույց տալիս, փոխարենը՝ դրսից կոնյանի սպիրտ են ներկրում։ Սա պետք է ստուգվի, հանձնարարականը չի ուշանա, վստահեցրեց Փաշինյանը։ Հետաքրքրվեցինք՝ արդյոք խոսքը վերաբերում է նախկին պաշտոնյաներին, օրինակ Հովիկ Աբրահամյանին, Արթուր Բաղդասարյանին կամ այլոց պատկանող գործարաններին։ ֊ «Եթե քաղաքականացրիք՝ ես էլ քաղաքականացնեմ ուրեմն... էլի այս բոլոր մանիպուլյացիաները կապ ունեն՝ ընենց անենք, որ գյուղացիները նայեն բոլորի ձեռքերին, որ ով մի ընտրակաշառք կտա, մի պարկ սելիտրա կտա, ով 10,000 դրամ կտա, ով մուրաբա կտա և ինչ կանի... էս շղթան պետքա կտրել», ֊ արձագանքեց վարչապետը։