Ռուսաստանը և Թուրքիան Աֆղանստանում իշխանությունը գրաված թալիբներին հայտնել են, որ առաջիկա օրերին օդանավերով մարդասիրական օգնություն են հասցնելու:
Այդ մասին ասել է թալիբների կողմից Քաբուլի միջազգային օդակայանի տնօրեն նշանակված Աբդուլ Հադի Համադին:
«Վերջին շրջանում մեր օդակայանում վայրէջք են կատարել Քաթարի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ուզբեկստանի, Ղազախստանի և Պակիստանի ինքնաթիռները: Ռուսաստանը և Թուրքիան նույնպես հայտնել են, որ մարդասիրական օգնություն կհասցնեն Աֆղանստանի ժողովրդի համար», - ասել է Համադին:
Միաժամանակ, Քաբուլի օդակայանի նորանշական ղեկավարը նշել է, որ միջազգային ուղևորափոխադրումներն ամբողջ ծավալով վերականգնելու համար անհրաժեշտ է լուծել մի շարք տեխնիկական խնդիրներ:
Թռիչքուղին և տերմինալներից մի քանիսը մասամբ շարքից դուրս են եկել օգոստոսի 26-ի ահաբեկչական պայթյունի և օդակայանում օրեր տևած քաոսի հետևանքով: Համադիի հավաստիացմամբ՝ այդ հարցերն առաջիկա օրերին կկարգավորվեն: