Մատչելիության հղումներ

Ըստ Գալյանի՝ մոտ ապագայում սպասվում է հնչեղ անուններ ունեցող անձանց ներգրավվածությամբ գործերի ամփոփում


Գույքի և եկամուտների միջև անհամապատասխանությունը վեր հանելը հենց Գլխավոր դատախազության գործն է, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ շեշտելով՝ իրենց գործն է նաև այդ անհամապատասխանության չափով գույքը տվյալ անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձելը։

Գալյանը վստահեցրեց՝ մոտ ապագայում սպասվում են հնչեղ անուններ ունեցող անձանց ներգրավվածությամբ գործերի ամփոփում։

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև։

«Ազատություն»․ - Մարդիկ, ժողովուրդը տեսնում են շքեղ դղյակներ՝ կառուցված նախկին պաշտոնյաների կողմից, և ակնհայտ է, որ եկամուտների և այդ գույքի հարաբերակցությունն, արժեքային առումով, չեն համապատասխանում միմյանց, այսինքն՝ պաշտոնյան չէր կարող ունենալ այնքան եկամուտ, որ կարողանար ձեռք բերել այդ դղյակը։ Այդպիսի դղյակներ բազմաթիվ են Երևանում և այլուր, ինչպե՞ս է լինելու դա, դրանով ո՞վ է զբաղվելու։

Սրբուհի Գալյան․ - Այնքանով, որքանով կոնկրետ անձի ու գույքի վերաբերյալ ազդակները կստացվեն մեզ մոտ, զբաղվում ենք հենց մենք։ Այսինքն՝ մեր գործն է հենց գույքի և եկամուտների միջև անհամապատասխանությունը վեր հանելը և այդ անհամապատասխանության չափով գույքը տվյալ անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձելը։ Այսինքն՝ դա այն գործառույթն է, որն այսօր իրականացնում ենք մենք։

«Ազատություն»․ - Հիմա նույնիսկ խորհրդարանում հնչում են անուններ, որ այս մարդը դղյակ ունի՝ այսքան միլիոն դոլարի, որտեղի՞ց է ձեռք բերել։ Հիմա այդ հայտարարությունները Ձեզ համար հիմք ծառայո՞ւմ են։

Սրբուհի Գալոյան․ - Ոչ, տեսեք, ի սկզբանե, երբ օրենքի նախագիծը մշակվում էր, երկու տարբերակ էր քննարկվում այն մասին, թե որոնք են լինելու այն հիմքերը, որոնց առկայության դեպքում իրավասու մարմինը կարողանալու է սկսել ուսումնասիրություն։ Կարող եմ նշել, որ, օրինակ, արտասահմանյան երկրներում այդ երկու մոդելներն էլ գոյություն ունեն։ Մեկը այն մոդելն է, որի պարագայում իրավասու մարմինը սեփական նախաձեռնությամբ ցանկացած դեպքում կարող է սկսել ուսումնասիրություն, օրինակ, Ձեր կողմից նշված դեպքով, երբ խորհրդարանում լսեց ինչ-որ հայտարարություն, երբ մամուլում ծանոթացավ ինչ-որ հոդվածի, երբ նրան դիմեց ինչ-որ քաղաքացի և ասաց, որ էս պաշտոնատար անձն ունի ապօրինի ծագում ունեցող գույք։ Սա մի տարբերակն է։ Մյուս տարբերակն այն է, որ պետք է նախատեսվեին հստակ հիմքեր, որոնց առկայության դեպքում իրավասու մարմինը կկարողանա սկսել այս ուսումնասիրությունները, և մեր պետությունը գնաց երկրորդ ճանապարհով, ընտրեց հիմքերի սահմանափակության տարբերակը, քանի որ մտավախություն կար, որ գործիքը նոր է, ինստիտուտը նոր է, և քանի որ, որպես կանոն, շատ տարածված է ապօրինության կանխավարկածով առաջնորդվելը, երբ մենք խոսում ենք իրավապահ համակարգի մասին, փորձ արվեց սահմանափակել հնարավորություններն իրավապահ մարմնի այս առումով և ազդակները սահմանել կոնկրետ օրենքով։

«Ազատություն»․ - Դուք ունե՞ք այդպիսի բարձր հնչեղություն ունեցող գործ, որն առայժմ չեք հրապարակել, բայց բարձրաստիճան պաշտոնյա է շատ։

Սրբուհի Գալոյան․ - Այո, ունենք, կարծում եմ արդեն այն գործերը, որոնք ամփոփվել են, դրանցով անցնող անձինք էլ են բարձրաստիճան պաշտոնատար անձինք, բայց մոտ ապագայում սպասվում են նաև այլ հնչեղ անուններ ունեցող անձանց ներգրավվածությամբ գործերի ամփոփում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

XS
SM
MD
LG