Մատչելիության հղումներ

Մոսկվայում այսօր կկայանա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը


Այսօր Մոսկվայում կկայանա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։

Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարարը Ռուսաստան է ժամանել աշխատանքային այցով, և սա Միրզոյանի առաջին աշխատանքային այցն է արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո։

Այցին ընդառաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը ծավալուն տեղեկանք է հրապարակել, որում այսօրվա հանդիպման օրակարգն է, Հայաստանի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին երկու տարիների հանդիպումների ցանկը, Հայաստանում ռուսական ընկերությունների ցանկն ու ներդրումների ծավալը։

Ռուսաստանի արտգործնախարարության տարածած փաստաթղթում մասնավորապես ասված է, որ այսօրվա բանակցությունների առանցքային թեմաներից է Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ ներառյալ հումանիտար հարցերը և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած տեղեկանքում նշված է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած տարի 66 անգամ խոսել են հեռախոսով, իսկ այս տարի 3 անգամ հանդիպել են և 14 հեռախոսազրույց են ունեցել։ Նշվում է նաև, որ Հայաստանում ռուսական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2․1 մլրդ դոլար՝ ընդհանուր ներդրումների 40 տոկոսը։

Լավրով-Միրզոյան հանդիպմանն ընդառաջ Մոսկվան հայտնում է նաև, որ անցած տարի համավարակի պայմաններում ֆիզիկական անձինք Ռուսաստանից Հայաստան են փոխանցել շուրջ 829 մլն դոլար։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը շեշտում է, որ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանները հսկում են ռուս սահմանապահները։

Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Միրզոյանը հանդիպելու է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Լավրով-Միրզոյան հանդիպման նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարը երեկ Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին։

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը:

Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Խովաևին տեղեկություններ է ներկայացրել տարածաշրջանային իրավիճակի և այն քայլերի վերաբերյալ, որոնք ձեռնարկում է ադրբեջանական կողմը ետկոնֆլիկտային փուլում:

Նա նաև պատմել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունների մասին, որոնք հիմնված պետք է լինեն միջազգային իրավունքի սկզբունքի վրա, հաղորդում է Ադրբեջանի արտգործնախարարությունը, հավելելով` Բայրամովն ընդգծել է, որ ռևանշիստական քաղաքականությունը հեռանկար չունի:

Պաշտոնական Բաքուն հայտնում է նաև, որ Բայրամովն ու Խովաևը քննարկել են ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, և վստահության ամրապնդող միջոցառումների իրագործումը:

Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ղարաբաղյան խնդիրն այլևս գոյություն չունի և Մինսկի խումբն այլևս անելիք չունի։

XS
SM
MD
LG