Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը նշանակվեց արտգործնախարարի պաշտոնում


Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանը այսօր նշանակվեց երեք ամիս թափուր մնացած արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Իսկ 33 օր արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարած Արմեն Գրիգորյանը ազատվել է առաջին տեղակալի պաշտոնից ու նշանակվել իր նախկին՝ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։

Ակնկալվում էր, որ հենց Գրիգորյանը ով այս ընթացքում փաստացի ղեկավարում էր ԱԳՆ-ն, կնշանակվի գերատեսչության ղեկավար, ինչպես եղավ նույն ժամանակահատվածում ՊՆ առաջին տեղակալ նշանակված Արշակ Կարապետյանի դեպքում։

«Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը չի բացառում, որ այս վերադասավորումները կարող են պայմանավորված լինել ռուսական գործոնով և այստեղ ինքնիշխանության զիջման խնդիր է տեսնում:

«Շատ հնարավոր է, որ դա կապված լինի արտաքին ճնշումների հետ, ի նկատի ունեմ, որ Հայաստանի ինքնիշխանության խոցվածության լրացուցիչ ապացույցի հետ մենք գործ ունենք: Չի բացառվում, որ հյուսիսային մեր ռազմավարական դաշնակիցն ինչ-որ բաներ է կամեցել թելադրել, գուցե սխալվում եմ, բայց նման վայրիվերումը, ետ ու առաջը խոսում է գոնե այդ հարցերում իշխանության անորոշությունների, ոչ ռազմավարական մտածողության և վարքի մասն», - ասաց Բարսեղյանը:

41-ամյա Միրզոյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է։ 2018 թվականի հեղափոխությունից հետո 8 ամիս զբաղեցրել է առաջին փոխվարչապետի պաշտոնը, ապա՝ 2019 թվականի հունվարին ընտրվել և մինչև 7 -րդ գումարման խորհրդարանի լուծարումը զբաղեցրել է ԱԺ նախագահի պաշտոնը։

44-օրյա պատերազմի ավարտի վերաբերյալ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի հրապարակումից հետո սկսված բողոքի ակցիաների ժամանակ Միրզոյանը Ազգային ժողովի մոտակայքում դաժան ծեծի էր ենթարկվել։

«Մենք տեսանք հարմարվող, յոլա գնացող, միշտ վարչապետից ցուցումներ ակնկալող Ազգային ժողով և նախագահ: Այդպիսի արտգործնախարար էլ լինելու է Արարատ Միրզոյանը: Վաղը, մյուս օրը Արարատ Միրզոյանը եթե զբաղվի գիտությամբ, այդպիսի գիտնական էլ լինելու է Արարատ Միրզոյանը: Միրզոյանը հո աչքի չի ընկել հեղափոխական կառավարմամբ Ազգային ժողովում: Ես չեմ տեսել, որ ինքը պնդի, առաջ մղի արմատական բարեփոխումներ», - նշեց Բարսեղյանը:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցող Միրզոյանին երկրի թիվ մեկ դիվանագետ նշանակելու հանգամանքը խնդրահարույց է համարում. «Արարատ Միրզոյանի նշանակումը, կարծում եմ, այն նույն շղթայի օղակներից է, որոնցից առաջինն էլ, օրինակ, Լիլիթ Մակունցի նշանակումն էր կարևորագույն երկրում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Կարծում եմ՝ այստեղ խնդիր կա նաև, որ Արտգործնախարարությունը Հայաստանի բավականին կայացած, պրոֆեսիոնալ կառույց է, և այդ կառույցը միշտ չէ, որ հանդուրժում է այդպես սիրողական կադրային նշանակումներ և շատ հնարավոր է, որ Արմեն Գրիգորյանի հետ պարզապես խնդիրներ կային: Այսինքն նաև դա կարող էր լինել պատճառներից մեկը, որ այդպիսի կադրային որոշում ընդունվեց»:

Միրզոյանի նախորդը՝ Արա Այվազյանը պաշտոնից հեռացավ մայիսի 27 -ին՝ սկանդալային հայտարարությունով։ Ասաց՝ հրաժարականի իր որոշումը պայմանավորված էր հենց այն պատճառով, «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։ Բացի Այվազյանից հրաժարական ներկայացրին նաև բոլոր փոխարտգործանախարարաները։

Այվազյանը արտգործնախարար նշանակվել էր արցախյան պատերազմից հետո` նոյեմբերի 18-ին։ Ավելի ուշ «Ազատության» եթերում հենց Արմեն Գրիգորյանը մեղադրեց Այվազյանն գերիների վերադարձի վերաբերյալ բանակցություններին խոչընդոտելու համար։

Բաղդասարյանը մտահոգիչ է համարում, որ մինչև օրս նման վտանգավոր հայտարարությունների հետ կապված հանրությանը հստակ պարզաբանումներ այդպես էլ չեն տրվել։ Չի ակնկալում, որ Միրզոյանի նշանակումը այս հարցերի պարզաբանման առումով որևէ բան կփոխի, ասում է՝ վարչապետ Փաշինյանն ավելի շուտ ներթիմային խնդիրներ է լուծում:

«Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը ճիշտ կաներ, եթե որևէ պրոֆեսիոնալ դիվանագետի նշանակեր արտգործնախարարի պաշտոնում, որովհետև Հայաստանն այնպիսի վիճակում է, որ այդ ոլորտում մենք բարդագույն խնդիրներ ունենք լուծելու և չեմ կարծում, թե Արարատ Միրզոյանի նման ոչ պրոֆեսիոնալը այդ ոլորտում կարող է այդ խնդիրները լուծել: Ըստ երևույթի Նիկոլ Փաշինյանը պարզապես այսրոպեական ինչ-որ խնդիր լուծեց, պարզապես թույլ չտալ թիմի ներսում ինչ-որ խնդիրներ», - ասաց նա:

Արտգործնախարարությունում իր 33-օրյա պաշտոնավարման ընթացքում Արմեն Գրիգորյանը որոշակի նշանակումներ ու փոփոխություններ արդեն հասցրել է կատարել։

Միրզոյանը նշանակումից հետո հրապարակային դեռ չի խոսել, նրա ներկայացման պաշտոնական արարողությունը ամենայն հավանականությամբ տեղի կունենա Փաշինյանի արտերկրյա այցի ավարտից հետո։ Միրզոյանը Հայաստանի 8-րդ արտգործնախարարն է։ 8-ից 3 -ը նշանակվել են Փաշինյանի իշխանության տարիներին:

XS
SM
MD
LG